Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բանահյոսությանը հատուկ, մասամբ և սրանից ծագող վիպական մանրամասնություններով, մանրապատում հանգամանքներով ու ձևերով, ինչպես են՝ Բելի դեսպան ուղարկելը Հայկին, որ սա իրեն հնազանդի, Հայկի խիստ պատասխանը, հսկաների կռվի ժամանակ երկրի դղրդալը, հատուկ անունների ժողովրդական ստուգաբանությունները, հերոսների նկարագիրները, Բելի զինավառությունը, բազմաթիվ մակդիրները, որոնք մեծ մասամբ վերաբերում են, ինչպես սովորաբար վեպերի մեջ, հերոսների արտաքինին, նրանց մարմնական հատկություններին, ինչպես են՝ կորովաձիգ, հաստաղեղն, անձնեայ, հաստաբազուկ, խայտակն, գեղապատշաճ, քաջագանգուր, անարի (նիզակ), երեքթևան (նետ), լայնալիճ (աղեղ), անհուն խոլ, յաւերժ քաջ, երկայնադէզ հասակ, բազմակոյտ (հսկայք)։ Կան և հոգեկան կողմի համար մակդիրներ, ինչպես են՝ ուշիմ և խոհեմ (հսկայ)[1]։

Հայկի առասպելի այս գեղարվեստական մշակումը միայն, որ կատարված է մեզնից դարեր առաջ, բավական էր նրա հեղինակին փառաբանելու իբրև առաջին քերդող, քերդողահայր։ Բայց այսպիսի գեղեցիկ պատմվածքներ և նկարագիրներ շատ շատ են Խորենացու Հայոց Պատմության մեջ։ Առանձնապես աչքի են ընկնում հայկական առասպելներից ու Վիպասանքից առած պատումների մշակումները, ինչպես են՝ Արա Գեղեցկի, Մեծն Տիգրանի, Երվանդի, Արտաշեսի վեպերը, որ արդեն տեսել ենք։ Բոլորի մեջ էլ իշխում է նույն Խորենացյան ոգին և ազնիվ արվեստը, նույն շնորհքը ավանդական բանահյուսության պարզ նյութը գեղեցիկ ու ճոխ պատմելու, կենդանացնելու և հետաքրքիր դարձնելու, հարկավ, ազդվելով ժողովրդական պատումներից։

Բացի իդեոլոգիայից և առանձին գեղեցիկ պատումներ ստեղծելուց՝ կարևոր է ուշադրության առնել Քերդողահոր հորինելու մի ուրիշ հատկությունն ևս, որ նկատվում է նրա արվեստի մեջ։ Նա վարպետ է արտահայտության ձևի։ Նրա գրվածքի մեջ բովանդակություն և ձև պատշաճում են իրար, կամ ձևը հետևում է բովանդակությանը: Այդ է հենց կլասիկ հեղինակներից ամենից առաջ պահանջվում։ Պատմության բովանդակությունը միանման չէ, միանման չէ և համապատասխան ոճը։ Սովորաբար ասում են, թե Մ. Խորենացու ոճը սեղմ է, բայց այդ ճիշտ չէ. նրա ոճը բազմազան է։

Կան կտորներ, ինչպես Առաջին գրքի սկզբի երեք գլուխները, որոնք ունեն քննախոսության բնույթ, երբ բանավարական դատողություններով ապացուցվում է մի միտք։ Այս դեպքում կիրառված են բարդ խոսքեր— բարդ, նույնիսկ բազմաբարդ պարբերույթներ։ Խոսքը ձգվում, ընդարձակվում է, բայց միշտ կանոնավոր, այնպես որ երբեք մտածության ընթացքը չի մթնում կամ, ինչպես ասում են, մտքի թելը— կապը չի կտրվում։

  1. Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 191—247. «Հայկի առասպելի վիպականության խնդիրը» և այլն։