Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Համբակների համար այդպիսի կտորները դժվար հասկանալի են եղել, ոչ միայն խոսքի բարդության, այլև բովանդակության ու վերացական դատողությունների շարքի համար։ Եվ որովհետև հին ուսուցիչներն իրենց աշակերտներին Խորենացու Պատմությունը հենց սկզբից էին կարդալ տալիս, դրանից առաջացել էր այն թյուր կարծիքը, թե Խորենացու լեզուն խրթին է։ Հասուն ընթերցողներն այդ կարդալիս՝ ամենայն հեշտությամբ կարողանում են հետևել հեղինակի մտածությանը, մանավանդ որ նա անհրաժեշտ շաղկապների ճիշտ գործածությամբ դյուրացնում է գրվածքի ըմբռնումը։

Խրթնություն է մասամբ առաջանում նրանից, որ այս հեղինակը, հունական ուսում ստացած լինելով և հունարենից շարունակ թարգմանություններ արած, երբեմն բնականորեն ենթարկվում է հունարենին և գործածում է օտարաբան շարահյուսական ձևեր։ Ոճի այս անհստակությունը, սակայն, երևում է միայն սակավաթիվ որոշ տեղերում։ Նա անպայման եղել է հունաբան դպրոցի հիմնադիրներից մեկը, բայց Պատմության մեջ գիտակցաբար զգուշությամբ է վարվում այդ նկատմամբ: Այդ էր պահանջում Հայոց Պատմության նյութն ու նպատակը։ Պետք էր բնական, «հասարակաց խօսիւք» գրել պատմությունը, որպեսզի ամեն ընթերցողի հասկանալի լիներ։ Եվ նրա ոճը, ինչքան էլ հաճախ զարդարուն ու պերճ է, բայց ընդհանուր առմամբ շատ պարզ, մեկին է, թեթև, շատ կանոնավոր ու դյուրին, միանգամայն և ախորժելի, երբեք չոր ու ցամաք։ Երբեմն, երբ հարկավոր է ըստ նյութի պահանջելուն՝ զորեղ տպավորություն թողնել, կիրառում է շրջումներ ու զեղչումներ: Եվ այս անում է նա ոչ արվեստականությամբ, այլ բնականորեն։ Առհասարակ նրա ոճի մեջ չկա շինծություն և սեթևեթանք, այլ ամեն ինչ նրա գրչի տակից բխում է բնականորեն։ Զգացվում է, որ նա ապրում է իր գրածը, և այդ է հենց ազդում ու գրավում և նույնիսկ հմայում. ընթերցողը համակվում է նրա զգացումով։ Ահա նրա «ողբերգական մեղադրութիւնը» և «Ողբը» (Բ. 92, Գ, 68)։ Ո՛րքան դառնակսկիծ ցավ կա նրա հուժկու ճարտասանական հարցումների մեջ, ո՛րքան քնարական զեղումներ նրա կուռ խոսքերի մեջ, վշտահար սրտից զեղումներ և՛ ժողովրդի, և՛ իր անձնական վիճակի համար։ Նա իր հետ հուզում է և ընթերցողին, երբ նա առանց նախադասություններ կազմելու՝ լոկ թվարկում է իր ժամանակի դասերի խմբերն իրենց հատկանիշներով. «Վարդապետք տխմարք և ինքնահաճք… ոսկեսէրք, նախանձոտք… կրօնաւորք կեղծաւորք, սնափառք, պատուասէրք քան թէ աստուածասէրք։ Վիճակաւորք հպարտք, դատարկակացք, զրաբանք, ծոյլք, ատեցողք արուեստից և վարդապետական բանից, սիրողք վաճառաց և կատակերգութեանց»։ Այսպես և մյուսները՝ աշակերտներ, ժողովրդականներ, զորականներ, իշխաններ, դատավորներ։ «Իշխանք ապստամբք, գողակիցք գողոց, կծլիք, կծծիք, ժլատք, ագահք, յափշտակողք, աշխարհաւերք, աղտեղասէրք, ծառայիցն համամիտք» և այլն։ Նույն ձևով թվարկում է և՛ պատիժները, և՛ երկրի