Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վիճակը։ Այդ լոկ թվարկություններով, առանց խոսքերի, նա ինչպես քարով քարակոծում է ամենքին և քարերը մեկ մեկ ընկնում են կորովի սաստկությամբ։ Ծանր տպավորություն է գործում այդ և իր ծանրությամբ ճնշում է ընթերցողին:

Բայց մեր Քերդողը միշտ այդպես թախծալից չէ: Կան և խանդավառ ոգևորությամբ հորինված պերճաբան կտորներ, որոնց մեջ սքանչացմամբ ներբողում է իր սիրած անձերին, հայրենիքի համար աշխատողներին, միշտ գտնելով ընտիր ձևեր ու բառեր, զվարթ ոճ և կամ վսեմ գեղեցկություն։ Իսկ ընդհակառակն՝ այն պատմական անձերին, որոնք իրենց անձնական զվարճություններով զբաղվելով՝ Հայոց երկրի բարգավաճման տեսակետից ապարդյուն իշխանություն են վարել, կծու հեգնությամբ և պարսավով ու ծաղրով է վերաբերվում, դարձյալ միշտ կիրառելով հարմարավոր ուժեղ դարձվածներ և արտահայտության ձևեր, հակիրճ, բայց կտրուկ հարվածող ոճով։

Նրա հորինելու հիմնական տեսակն է, բնականաբար, վիպումը, վիպական ձևը։ Պատմությունն անում է սովորաբար վայելուչ թափով, արագ առաջ տանելով գործողությունը, հարկավոր դեպքերում նաև դանդաղ ու ծավալուն, մանավանդ ժողովրդական վիպական ծագում ունեցող մասերում, բայց առանց ճապաղելու։ Շեղումները կազմում են գործող անձերի և գործողության տեղերի անհրաժեշտ նկարագիրները, ամեն դեպքում կենդանի ու հրապուրիչ և ոչ այնքան ընդարձակած, որ վնասի պատմվածքի ընթացքին:

Նա մեծ վարպետ է նաև բանաստեղծական նկարագիրներ անելու. դրանցով պատմվածքի մեջ, մի վայրկյան միայն ընդհատելով պատմությունը, մեծ սիրով և սիրուն գծագրում է մեր երկրի պատկերը։ Ահա մեր Այրարատյան դաշտը ժամանակի մայրաքաղաք Վաղարշապատից նկարագրված. «Եւ երթեալ իջանէ ի խորին դաշտավայր մի, ի բարձրագագաթանց պարսպեալ լերանց, գետոյ կարկաջասահի յարևմտից ընդ մէջ անցանելով։ Եւ զդաշտն արևելից գոգցես իմն իբրև որսայսեալ, ձիգ յարեգակն կոյս զերկայնութիւն պարզեալ. և առ ստորոտովք լերանցն բազումք ականակիտ բղխեալ աղբիւրք, որք ի գետոց եկեալ հաւաքումն հեզաբար։ Առ սահմանօք նոցա, ծնիւք լերամբք և եզերօք դաշտին՝ պատանիք ոմանք իբր առ երիտասարդուհեօք ճեմիցին. այլ հարաւայինն արեգակնաճեմ լեառն, սպիտակափառ ունելով գագաթն, ուղղորդ յերկրէ բուսեալ, երեքօրէիւ, որպէս ասաց ոմն ի մերոցն, քաջագօտւոյ առն շրջապատեալ ճանապարհաւ, և առ փոքր փոքր ի շեշտումն անկեալ, ծեր ոմն արդարև լեառն ի մէջ երիտասարդացեալ լերանցն» (Ա. 12)։

Գեղեցիկ ու նկարեն է և Երվանդակերտի պատկերը։ «Քաղցր է ինձ ասել և յաղագս գեղեցիկ դաստակերտին Երուանդակերտի, զոր յօրինեաց նոյն ինքն Երուանդ գեղեցիկ և չքնաղ յօրինուածովք։ Քանզի զմիջոց հովտին մեծի լնու մարդկութեամբ և պայծառ շինուածովք, լուսաւոր որպէս ական բիբ։ Իսկ շուրջ զմարդկութեամբն՝ ծաղկոցաց և հոտարանաց