Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կազմութիւն, որպէս շուրջ զբբովն զայլ բոլորակութիւն ական։ Իսկ զբազմութիւն այգեստանոյ՝ իբր զարտևանանց խիտ և գեղեցիկ ծիր. որոյ հիւսիսային կողմանն դիր կարակնաձև՝ արդարև գեղաւոր կուսից յօնից դարաւանդաց համեմատ։ Իսկ ի հարաւոյ հարթութիւն դաշտաց՝ ծնօտից պարզութեան գեղեցկութիւն: Իսկ գետն բերանացեալ դարաւանդօք ափանցն՝ զերկթերթիսն նշանակէ շրթունս։ Եւ այսպիսի գեղեցկութեան դիր՝ անքթթելի իմն գոգցես ի բարձրաւանդակ թագաւորանիստն [=Երուանդաշատ] զհայեցուածսն ունի. և արդարև բերրի և թագաւորական դաստակերտն» (Բ. 42)։

Այսպիսի ընդարձակ նկարագիրներ ուրիշներն էլ կան, ինչպես Շամիրամակերտի (Ա. 16)։ Կան և մարտերի ուժեղ նկարագիրներ, ինչպես Ձիրավի ճակատամարտը (Գ. 37)։ Ավելի շատ են փոքր, կարճ նկարագիրներն և պատկերավոր արտահայտության ձևերը. «Իսկ Բէլն, յանդուգն և անճոռնի զօրութեամբ ամբոխին, որպէս յորձան ինչ սաստիկ ընդ զառ ի վայր հեղեղեալ՝ փութայր հասանել ի սահմանս բնակութեանն Հայկայ»։ «Հասանէ [Հայկ] յեզր ծովակի միոյ, որոյ աղի են ջուրքն, մանունս ունելով յինքեան ձկունս» (Ա. 11)։ Բերենք մի կտոր էլ Աժդահակի երազից։ «Էր ինձ, ասէ, ո՛վ սիրելիք, լինել այսօր յերկրի անծանօթում, մերձ ի լեառն մի երկար յերկրէ բարձրութեամբ, որոյ գագաթնն սաստկութեամբ սառնամանեաց թուէր պատեալ. և ասէին գոգցես յերկրին Հայկազանց զայս լինել։ Եւ ի նայել իմ յերկարագոյնս ի լեառնն՝ կին ոմն ծիրանազգեստ, երկնագոյն ունելով զիւր եաւտեռ, նստեալ երևեցաւ ի ծայրի այնպիսւոյ բարձրութեան, աչեղ, բարձրահասակ և կարմրայտ, երկանց ըմբռնեալ ցաւովք…» (Ա. 26)։

Խորենացու Պատմության մեջ բավական տեղ է բռնում նաև նամակային տեսակը կամ նամակային ոճ ասածը (genre épistolaire, style épistolaire), որ գրելու, հորինելու մի առանձին եղանակ, կերպ է։ Փոխանակ պատմելու իրողության մասին կամ ասելու որևէ թղթի-նամակի, հրամանի բովանդակությունը, նույնն ասվում է իսկական նամակի գրության, հրամանագրի ձևով։ Դա պատմվածքին բազմազանություն տալու մի ոճ է միայն իրեն հատուկ արտահայտության ձևերով։ Եվ իզուր պատմաբաններն այդպիսի գրությունների մեջ ուզում են տեսնել վավերագրեր, և երբ այդ չեն գտնում, մեղադրում են Քերդողին։

Ոճի առանձին տեսակներից է և տրամախոսական եղանակը, որից նույնպես երբեմն օգտվում են պատմագիրները՝ հետևելով ժողովրդական վեպին, որ շատ սիրում է այդ։ Խորենացու Պատմության մեջ չկան տրամախոսություններ, բայց կան բազմաթիվ բերանացի հաղորդումներ— պատգամներ և նրանց պատասխանները, լուրեր՝ մեջ բերված իբրև ուղղակի խոսքեր։

Վերջապես պետք է դիտել և հետևյալը։ Հռետորական կամ պատկերավոր արտահայտության ձևերի նկատմամբ՝ Խորենացին սակավաթիվ դեպքերում ինքնուրույն չէ։ Նա երբեմն նմանում է ուրիշներին՝ նրանցից