Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ զինյալ կռիվը դարձել է նյութ գովք ու երգի: Դրա առաջին քերդողն է Եղիշեն, 5-րդ դարի նշանավոր գրողներից մեկը, որ իր «Վասն Հայոց պատերազմին» գրքով[1] անմահացրել է և՛ իրեն, և՛ իր գովերգած եղելությունը։ Նրա գրվածքն ամենալավ անդրադարձումն է այն ժամանակի իրականության։

Ինչպես մեր հին մատենագիրներից շատերի, նույնպես և Եղիշեի մասին, ցավոք, չունենք կենսագրական տեղեկություններ։ Ըստ հին ավանդության՝[2] նա եղել է Վարդան զորավարի զինվոր և դպրապետ, այսինքն քարտուղար. սպասավորել է նրան, ականատես է եղել «ամենայն անցիցն որ անցին ընդ զօրսն Հայոց ի Յազկերտէ Պարսից արքայէ»։ Պատերազմից հետո նա թողել է զինվորությունը, դարձել է կրոնավոր մենակյաց Մոկաց աշխարհում և այնտեղ գրել Պատմությունը և ուրիշ աշխատություններ։ Ըստ ավանդության՝ նա վախճանված է Ռշտունիքում, ուր մինչև վերջերս ցույց էր տրվում նրա գերեզմանն իբրև ուխտատեղի։

Այս ավանդությունն անշուշտ հիմնված է իրականության վրա, բայց թե ո՛ր չափով, այդ որոշ չէ[3]։ Միակ հավաստի աղբյուրը կենսագրության համար՝ է՛ Եղիշեի իրեն տված տեղեկությունն իր մասին իր աշխատությունների մեջ։ Նա իր գրած Պատմության սկզբից հենց մեր առաջ պարզում է իր զգայուն սիրտը, իր վշտաբեկ վերաբերմունքը դեպի իր ազգի թշվառությունն ու կրած հարվածները, որոնց մեջ եղել է և ինքը։ «Սկսցուք ուստի արժան է սկսանել,— գրում է նա,— թէպէտ և ոչ յօժարիցեմք զթշուառութիւն մերոյ ազգիս ողբալ։ Ահա ոչ ըստ կամաց արտօսրալիր ողբովք ճառագրեմք զբազում հարուածսն՝ յորում պատահեցաք և մեք իսկ ականատեսք լինելով» (էջ 11)։

Երկրորդ անգամ էլ նա շատ որոշ գրում է իր ականատես լինելու մասին։ «Բայց մեք թէպէտ և ոչ ունիմք հրաման բամբասել զիշխանն, բայց և ոչ գովողք կարեմք լինել այնմիկ, որ աստուածամարտն լինիցի։ Այլ զանցս իրացն պատմեմք որ ի նմանէ ընդ սուրբ եկեղեցիսն էանց, և ոչ դանդաղիմ. ոչ բամբասասէր մտօք, այլ ճշմարտութեամբ զելս իրացն

  1. «Եղիշէի Պատմութիւն Վարդանանց ըստ Անձևացեաց օրինակին», Տփխիս, 1904։
  2. «Ճառընտիրք». սրա հատվածը տե՛ս Գար. Զարբ., Հայկական հին դպրութեան պատմութիւն, Վենետիկ, 1886, էջ 312, ծան.։
    «Պատմութիւն սրբոյն Եղիշէի վարդապետի», «Սոփերք Հայկականք», ԺԱ., էջ 39—45։
  3. Եղիշե, քննական ուսումնասիրություն, գրեց Բաբգեն ծ. վ. Կյուլեսերյան, Վիեննա, 1909, էջ 54 և հտն.։ Այստեղ հեշտությամբ անընդունելի է համարվում այս ավանդությունն այն հիմամբ, թե իբր «դպրապետ» և «սպասաւորել» բացատրություններն իրար «հակասական» են։ Մեկի քարտուղարը, սակայն, ուրիշ բան չէ, բայց եթե ծառայող։ Մաշտոցն, ըստ Ղ. Փարպեցու, էր «զինուորեալ ի դուռն Հայոց արքային Խոսրովայ, կարգեալ յերամ մատենագիր արքունի դպրացն» (էջ 27), իսկ ըստ Կորյունի՝ էր սպասաւոր արքայատուր հրամանին», էր «զինուորական», «հարկանէր զիշխանացն սպասաւորութիւնսն» (էջ 14)։ Նույնը եղել է Վարդանի համար Եղիշեն— և՛ զինվոր, և՛ դպրապետ, և՛ սպասավոր (=ծառայող)։