Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եկեղեցուց առնում, հանձնում են մի մոգպետի: Հարկերը ծանր էին, գրում է Եղիշեն. «Քանզի ուստի արժան էր առնուլ հարիւր դահեկան, նոյնչափ կրկնէին և առնուին. սոյնպէս և եպիսկոպոսաց և երիցանց դնէին, ոչ միայն շինաց, այլ և աւերակաց։ Նա բնաւ ո՞վ իսկ կարէ պատմել վասն ծանրութեան մտից և սակից, բաժից և հասից, լերանց և դաշտաց և մայրեաց։ Ոչ ըստ արքունի արժանաւորութեանն առնուին, այլ հինաբար յափշտակելով, մինչև ինքեանք իսկ մեծապէս զարմանային, թէ՝ ուստի այս ամենայն գանձ ելանէ՝ զիա՞րդ շէն կայցէ աշխարհն Հայաստանեայց» (էջ 35 և հտն.)։

Որ Եղիշեն այսքան կանգ է առնում ներքին ինքնավարական և տնտեսական կողմերի վրա, այդ ցույց է տալիս, որ նա լավ ըմբռնել է ժամանակի քաղաքական վիճակը: Եվ իսկապես նա գրում է. «Եւ զայս ամենայն առնէր՝ զի թերևս զմիաբանութիւնն քակտեսցէ, և զուխտն եկեղեցւոյն ցրուեսցէ, և զմիայնակեացսն փախուսցէ, և զշինականսն վատնեսցէ. և առ յոյժ աղքատութեանն՝ ակամայ դիմեսցեն յօրէնս մոգուց»։ Դրանից հետո արդեն գրում են հայերին հավատափոխության մասին նամակը։ Ահա այն շարք պատճառները և՛ պարսիկների, և՛ հայերի կողմից՝ Հայերի ապստամբական շարժման համար։ Եթե մի հիսուն տարի առաջ ապագա վտանգի զգացումն ու նախատեսությունը միայն կար, և մարդիկ իդեոլոգիապես զինվում էին վտանգին դիմադրելու համար, այժմ այդ խաղաղ պայքարի բնավորությունը փոխվում էր։ Արքայից արքան նորոգել էր ուզում իր նախնիների քաղաքականությունը։ Նա դիպել էր հայ ֆեոդալների տնտեսական շահերին, հայկական հեծելազորի գործը ծանրացնելով. նա ոտնահարել էր և՛ ֆեոդալների, և՛ եկեղեցականների իրավունքները և հարկերի ծանրացումով՝ դիպել էր նրանց տնտեսական շահերին։ Եվ դրա անմիջական հետևանքն այն էր լինում, որ երկու իշխող դասերը կռվի մեջ սերտ միանում են միմյանց հետ։ Շինականները, ռամիկներն ևս նրանց հետ են ընթանում, քանի որ վերջին հաշվով տնտեսապես ճնշվում էր այդ հարկատու դասը։ Առաջ է գալիս կրոնական գաղափարախոսության տակ մասսաների միացում, պարսից տերության դեմ մասսայական կռիվ, որ սխալ կերպով կոչել են «կրոնական պատերազմ»։ Դա զուտ կրոնական չէ, այլ մի եկեղեցա-քաղաքական զինյալ պայքար է պարսիկների դեմ։ Եղիշեն շատ ճիշտ բնորոշել է այդ՝ անվանելով «Հայոց պատերազմ» և շատ լավ հանգամանորեն պարզել է դրա պատճառները թե՛ պարսկական և թե՛ հայկական կողմերի վերաբերմամբ։ Դրանով հենց մեր այս հեղինակը մի հմուտ պատմագիր է, որ լայն քաղաքական-տնտեսական հայացք ունի իր պատմած ժամանակի դեպքերի վրա։

Միջոցը, այսինքն եղելության զարգացումը, պատճառները պարզելուց հետո մանրամասն պատմել է Եղիշեն։ Այստեղ դնում ենք միայն մի քանի կետերը։ Հայերը, նախագահությամբ Սահակի ու Մեսրոպի աշակերտ Հովսեփի (Յովսէփի) «միահամուռ ժողովեալք ի թագաւորանիստ