Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քաղաքն յԱրտաշատ, հաւանութեամբ մեծամեծ նախարարացն և ամենայն բազմութեամբ աշխարհին», համարձակ պատասխանում են Միհրներսեհի գրությանը։ Նախարարները կանչվում են արքունի դուռը, ակամա ուրանում են քրիստոնեությունը և բազմաթիվ մոգերի հետ վերադառնում: Շարժվում է ժողովուրդը, մասսան. «Ժողովեցին զբազմութիւն արանք և կանանց, շինականաց և ազատաց, զքահանայից և զմենակեցաց». «երևեցան ամենեքեան զինեալք և սաղաւարտեալք, սուր ընդ մէջ և վահան ի ձեռին՝ ոչ միայն արանց քաջաց, այլ և կանանց առնականանց» (էջ 82 և հտն.): Պասսիվ ընդդիմադրությունը վերջանում է: Հարձակվում են մոգերի և պարսկական բանակի վրա, բերդերի և ավանների վրա, որ պարսիկների ձեռին էին. առնում են Արտաշատ, Գառնի, Անի, Արտագերս, Վան, Ողական, Որոտն և ուրիշները։ Նույնն անում են և Ատրպատականում։ Հավաքվում են նախարարներն իրենց զորքերով։ Զորքը բաժանում են երեք գնդի. առաջին գունդն ուղարկում են Ատրպատականի սահմանները, երկրորդը սպարապետ Վարդան Մամիկոնյանի ձեռով ուղարկում են Աղվանք, նրանց օգնելու, երրորդը տալիս են Վասակ մարզպանին։ Մինչ ուրիշներն աշխատում են պատերազմը դարձնել համազգային, Վասակը դավաճանում է, ավերմունքներ է գործում երկրի կենտրոնում և երկպառակություն է ձգում։ Վարդանը վերադառնում է. Վասակն Այրարատից փախչում է Սյունիք։

Վարդանը կազմակերպում է հավատարիմ մնացած իշխաններին իրենց զորքերով, վաթսունվեց հազար տղամարդ, հեծյալ և հետևակ, 451 թ. գարնանը ելնում են պարսկական բանակի դեմ։ Ճակատամարտը տեղի է ունենում Ավարայրի դաշտում։ Մարտի մեջ ընկնում է սպարապետ Վարդանը, նրա հետ նաև ութ մեծ նախարարներ և այլ տղամարդիկ, ընդամենը 1036 հոգի, իսկ թշնամիների կողմից 3544 մարդ, ինը հոգի մեծ պատվավորներից։ Հայերը չեն հաղթված. «Քանզի ոչ եթէ կողմ էր որ յաղթեաց, և կողմ էր որ պարտեցաւ, այլ քաջք ընդ քաջս ելեալ երկոքին կողմանքն ի պարտութիւն մատնեցան»։ Բայց հայերի դժբախտությունն այն էր, որ չկարողացան հետևյալ օրերը պատերազմը միասնական ուժերով շարունակել։ «Քանզի անկեալ էր մեծ սպարապետն Հայոց ի պատերազմին, ոչ ոք գոյր այնուհետև ի մէջ գլխաւոր՝ յոր յեցեալ ժողովէին գունդն մնացելոցն» (էջ 173)։ Մարտիկները ցրվում, ամրանում են երկրի զանազան կողմերում և պատերազմը շարունակում են անջատ-անջատ՝ Այրարատում, Խաղտիքում, Տմորիքում, Արցախում։ Տայքում մարտնչողների մեջ էր և Վարդան սպարապետի եղբայրը՝ Հմայակ, որ «յանխնայ քաջութեամբ մարտուցեալ՝ կատարեցաւ նահատակութեամբ»։ Հայերի դիմադրությունը երկարում է. պարսիկները չեն կարողանում զսպել ապստամբությունը։ Եվ վերջ ի վերջո հաղթող են հանդիսանում հայերը։ Այդ տեսնում ենք պատերազմի վերջի մասից՝ «կատարածից», այսինքն հետևանքներից, որին անցնում է Եղիշեն։

Հազկերտ թագավորը տեսնելով իրերի այնպիսի ելքը, ստիպված է