Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լինում փոխել քաղաքականությունը։ Նա Վասակի փոխանակ մի պարսիկ մարզպան է ուղարկում.

1. Տրվում է իրավունք ազատ պաշտելու քրիստոնեությունը։ Եպիսկոպոսներին հրամայում են հայտնի ու համարձակ վարել իրենց իշխանությունը. նույնպես և միայնակյացներին՝ վերադառնալ իրենց տեղերը: «Զամենայն կարգս աստուածպաշտութեանն, որպէս զիարդ և ունէին յառաջ ժամանակաւ առ նախնեօքն, նոյնպէս և այժմ, ասէ, կալցին»։ «Նա և որ մեծն է քան զամենայն, որ ի բռնութենէ ոք ակամայ կալեալ էր զմոգութիւնն, հրովարտակս առաքէր յարքունուստ՝ անդրէն անել զքրիստոնէութիւնն» (էջ 190 և հտն.): Ուրեմն կրոնի կատարյալ ազատություն։

2. «Քանզի բազում գաւառս առեալ և աւերեալ էր զորականին, թողուլ հրամայէր զհարկս աշխարհին»։

3. «Զայրուձին ևս զարքունի թեթևացոյց առ ժամանակ մի»։

4. «Եթէ ոք ի հեռի աշխարհ ուրեք գնացեալ իցեն,… եթէ յազատաց իցեն, եթէ ի շինականաց իցեն, եթէ յեկեղեցւոյ, զինչ կեանս [= ստացված] և թողեալ իցէ, եկեսցեն և կալցեն զիւրաքանչիւր զարարս» [=գույք] (էջ 190 և հտն.):

Այսպես տնտեսական կողմից էլ բավարարություն էր տրվում հայերին։ Վերացվում է ամեն ինչ, որ պատճառ էր եղել հայերի ապստամբության։ Հայերի նպատակը չէր եղել անկախություն ձեռք բերել, մի բան, որի համար նրանք չէին կարող մտածել, քանի որ երկպառակված էր ազնվականությունը, և չկար,— ինչպես պատմում է Եղիշեն,— հռոմայեցիների կողմից որևէ օգնություն. Հազկերտն այդ մասին առաջուց ապահովել էր իրեն։ Բայց և այնպես վերջնական հաշվով հաղթությունը հայերն էին տարել, քանի որ և՛ եկեղեցին, և՛ հայ ազնվականությունը վերստանում էին իրենց տնտեսական և այլ իրավունքները։

Այս էր պատերազմի առաջին և էական հետևանքը— հայերի հաջողություն և պարսիկների անհաջողություն։ Պետք էր որոնել անհաջողության պատճառը։ Պարսից զորավարը գիտեր, որ ինքը պիտի լիներ հանցավոր ու պատասխանատու։ Եվ ահա նա իրեն ազատելու համար՝ առաջուց դրա առաջն առնում է, հանցանքը գցելով մարզպան Վասակի վրա: «Մեծաւ բարկութեամբ կուտէր զվնասն ի վերայ անօրինին Վասակայն իբր թէ նա իցէ սկիզբն և առաջնորդ ամենայն չարեացն որ գործեցան… Գրէր և ցուցանէր յարքունիս զամենայն ստուգութեամբ, և զվնաս [=հանցանքը] գործոյն արկանէր զուրացելովն» (էջ 186)։ Ամեն կողմից, և՛ պարսիկներից, և՛ հայերից ամբաստանվում է Վասակը և պատժվում:

Դրանով կարծես վերջացած պիտի լիներ «Հայոց պատերազմը» բայց Հովսեփ (Յովսէփ) կաթողիկոսին ու Ղևոնդ Երեցին, մի քանի ուրիշ եկեղեցականների հետ կապած տարել էին Պարսկաստան. այնտեղ նրանց բանտարկած պահում են և հետո նահատակում։ Որոշ թվով հայ նախարարներ էլ, հավատալով թագավորի տված խոսքին՝ իրենց կամքով գնում են արքունիք, բայց նրանք էլ տարիներ բանտարկված պահվում