Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են, մինչև որ 464/465 թ. արձակվում, գալիս են Հայաստան։ «Ութերորդը յեղանակի» նյութն է այդ, և դա մի անհրաժեշտ հավելված լրացում է Պատմության համար։ Դրանով, այդ վերջին գլխով, ինչքան էլ դա վկայաբանություն է մեծ մասամբ, ավարտվում է «Հայոց պատերազմն» իր հետևանքներով։

Ահա՛ պատմիչ Եղիշեի գործի կմախքը, ստվերագիծ բովանդակությունը— սկիզբը, միջոցն ու կատարածը (վերջը)— եղելության պատճառները, զարգացումն ու հետևանքները։

5. Ճառագրություն և իր նպատակը։— Այս հիշատակարանն առաջին գլխի սկզբում ունի մի փոքր հատված, որ ըստ երևույթին վերջին մասն է մի գրության, որ հեղինակն ուղղել է Դավիթ Երեցին նախ քան իր աշխատությանը ձեռնարկելը։ Այդտեղ Եղիշեն, ինչպես վերևում բերված է, իր գործի համար գործածում է «ճառագրել» բառը։ Հեղինակի այս բնորոշումը շատ ճիշտ է։ Նրա գործը ճառագրություն է, մի ճարտասանական պատմություն, որ անչափ լի է քնարական զեղումներով, այնպես որ զուր չէ, որ ասել են, թե դա «բանաստեղծական պատմություն» է։ Դա իր ձևով իսկապես մի ամբողջություն կազմող քնարական վիպասանություն է, որ պտտում է մի իրի շուրջ՝ կենտրոնն ունենալով Ավարայրի ճակատամարտը։ Հին քրիստոնեական գրականությունը,— և ոչ միայն մեր մեջ,— ընդհանրապես հրապարակախոսական և միտումնավոր է։ Դրա ձգտումն է եղել սովորեցնել, լինել օգտակար դաս ընթերցողների համար, կրոնա–բարոյակրթական մի խրատ։ Ուսուցանելու այս միտումը պահվում էր ոչ միայն բուն եկեղեցական երկերի մեջ, այլև աշխարհիկ թեմատիկայի ժամանակ և պատմության մեջ: Ուստի այդ առավել երևան պիտի գար մանավանդ այնպիսի պատմության մեջ, ինչպիսին է Եղիշեի երկը։ Սրա հեղինակն, ինչպես ամեն ճարտասան ճառագիր, իր պերճախոսական արվեստով առանձին ուշադրություն է դարձրել դեպքերն այնպես շարադրելու, որ ոչ միայն համոզի, այլև ազդի և ամենալավ կերպով հասնի իր գործնական նպատակին։ Իսկ նպատակը նա շատ որոշ պարզում է Ընծայականի մեջ։ Դա գրված է այն մտքով, որ լինի քրիստոնեական կրոնի, խղճի ազատության մի արձան, որ միշտ քարոզի հաջորդներին՝ հետևող լինել ուխտապահներին, լինել քաջ նահատակ, այսինքն մարտիկ, և չլինել ցանկացող ուխտադրուժների գործերին (էջ 204). «զի հանապազորդ ընթեռնուցուս, — ասում է նա դիմելով իր հրամայողին,— լսելով զառաքինեացն զքաջութիւն, և զյետս կացելոցն զվատթարութիւն»: Նա իր գրվածքն անվանում է «մխիթարութիւն սիրելեաց և յոյս յուսացելոց, քաջալերութիւն քաջաց, կամակարութեամբ յարձակեալ ի վերայ մահուան» (էջ 8 և հտն.)։ Ահա նրա գրած պատմության նպատակը— ներշնչել ազատության, քաջության ոգին, տոգորել հերոսությամբ, ընդհակառակն՝ ատելի դարձնել դավաճանությունը, բռնությունը։

Մի անգամ որ այս է հեղինակի նպատակը, բնականաբար նրա գրվածքը ենթակայական է. նա չի կարողանում սառն, հանգիստ շարադրել,