չկարողանալով իր ցասումը զսպել նույնիսկ այդ մասին գրելիս.— ի՞նչ ես կռվում, ի՞նչ ես այրվում, ի՞նչ ես բորբոքվում, ինչի՞ չես հանգչում. ինչո՞ւ ես խորհրդի կանչում այնպիսիներին, որոնք ձեր հոգիները քաշել հանել են ձեզնից և այդ անապականն ապականություն դարձրել, իսկ ձեր ապականելի մարմինը գեշաքարշ անելով՝ ինչպես մի զզվելի մեռելոտի դեն են գցել։ Ապաքեն ա՛յդ ես կամենում, որ ծածկվի ամբարիշտ խորհուրդը։ Կտեսնե՛ս, երբ կհայտնվի, ապա կիմանաս դրա ելքն ու վերջը» (էջ 14 և հտն.)։
Ոչ պակաս և նույնիսկ ավելի մեծ ատելությամբ ու մանրամասնորեն նա գծագրում է Վասակի դեմքը, մի մարդ, որ ամեն միջոցներ գործադրելով երկփեղկում է հայոց բանակը և պատճառ դառնում դրա թուլացման։ Մի մարդ,— ասում է նա,— որ «ոչ ինչ եթոզ չարիս՝ զոր ոչ գործեաց ի կեանս իւր, և ոչ ինչ մնաց ի մեծամեծ չարեաց՝ որ ոչ անցին ընդ նա ի մահուան նորա»։ Սոսկալի դառն է պատկերված այդ թշվառականի անկումն ու վախճանը. Եղիշեի նկարագիրը (էջ 197—204) քստմնեցնող ազդեցություն է թողնում։ Եվ այդ բավական չէ, հեղինակը վերջացնում է այսպես. «Գրեցաւ յիշատակարանս այս վասն նորա, առ ի կշտամբումն յանդիմանութեան մեղաց նորա. զի ամենայն՝ որ զայս լուեալ գիտասցէ, նզովս ի հետ արկցէ, և մի՛ լիցի ցանկացող գործոց նորա»։ Եվ Եղիշեն հասել է իր նպատակին. դարեր շարունակ նրա այս գիրքն ազդել է հետագա սերունդների վրա և մեծ ժողովրդականություն է վայելել, իսկ «Վասակ» անունը ստացել էր մի ժամանակ «դավաճան» բառի նշանակությունը:
Ունի գեղեցիկ նկարագիրներ մարտի. այստեղ բերենք միայն Ավարայրի ճակատամարտը (էջ 169 և հտն.)։
«Կարգէր և կազմէր [Վարդան] զճակատն յորդորելով ընդ ամենայն երեսս դաշտին դէմ յանդիման Արեաց գնդին, առ ափն Տղմուտ գետոյն: Եւ իբրև այս այսպէս պատրաստեցան, երկոքեան կողմանքն լի սրամտութեամբ և մեծաւ բարկութեամբ զայրանային, և գազանացեալ զօրութեամբ յիրեարս յարձակէին երկոքեան. և ամբոխ աղաղակին երկոցունց կողմանց՝ իբրև ի մէջ ամպոց շփոթելոց՝ ճայթմունս գործէր, և հնչումն ձայնից զքարանձաւս լերանցն շարժէր։ Ի բազմութենէ սաղաւարտիցն և ի փայլիւն պատենազէն վառելոցն իբրև նշոյլք ճառագայթից արեգական հատանէին: Նա և ի բազում սուսերացն շողալ, և ի ճօճել բազմախուռն նիզակացն իբրև յերկնուստ ահագին հրաձգութիւնք եռային: Քանզի ո՞վ իսկ է բաւական ասել զմեծամեծ տագնապ ահաւոր ձայնիցն, ո՛րպէս կոփիւնք վահանաւորացն և ճայթմունք լարից աղեղանցն զլսելիս ամենեցուն առ հասարակ խլացուցանէին:
Անդ էր տեսանել շտապ մեծի տագնապին և զաղէտս անբաւ տարակուսանացն երկոցունց կողմանցն, առ ի յանդուգն յարձակմանէն զմիմեանս բախելով. քանզի թանձրամիտքն յիմարէին և վատասիրտքն լքանէին, քաջքն խիզախէին և նահատակքն գոչէին: Եւ խումբ արարեալ ամենայն բազմութեանն՝ զգետն ի մէջ փակէին, և զանգիտեալ գունդն Պարսից ի դժուարութենէ գետոյն՝ զտեղեաւն զեռալ սկսան: Իսկ գունդն Հայոց հասեալ անցանէին, ձի ի վերայ առեալ յարձակէին մեծաւ զօրութեամբ։ Սաստկապէս բախեալք ընդ միմեանս, յերկոցունց կողմանց բազում վիրաւորք յերկիր անկեալ դիաթաւալ խաղային.