Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յայնմ մեծ տագնապի ի վեր հայեցաւ քաջն Վարդան, և տեսանէր զընտիր ընտիր քաջ նահատակաց Պարսից զօրուն՝ զի զձախակողմն շարժեցին զՀայոց գնդին, մեծաւ ուժով յարձակէր ի տեղին, և զաջ թևն Պարսից գնդին բեկեալ՝ արկանէր զգազանօքն, և շրջան առեալ կոտորէր մինչև ի նոյն տեղի։ Եւ այնպէս շտապ տագնապի ի վերայ հասուցանէր, մինչև գունդն Մատեան քակեալ բաժանեցան ի մեծամուր պատրաստութենէն, դեռ ևս քաջ քաջ ի փախուստ դառնային:

Ապա դէտ ակն ի վեր համբառնայր Մուշկան Նիսալաւուրտ, քակեալ զոմանս տեսանէր ի գնդէն Հայոց, և զկնի մնացեալ ի հովիտս լերանցն։ Վասն որոյ զաղաղակ բարձեալ՝ քաջալերէր շուրջ զիւրեաւ զզօրս Արեաց, որք զտեղի առեալ կային ընդդէմ գնդին Վարդանայ: Եւ անդէն ի տեղւոջն երկոքին կողմանքն զպարտութիւն խոստովանէին, և առ յոյժ թանձր անկեալ դիականց իբրև զքարակոյտս դերբկաց երևէին: Զայն իբրև ետես Մուշկան Նիսալաւուրտ, մնայր գազանացն Արտաշրի, որ ի վերայ նոցա նստէր ի բարձր դիտանոցին իբրև յամուր քաղաքի. և ի ձայն մեծ գալարափողոցն զիւր գունդսն ստիպէր, և յառաջամարտիկ զօրօքն զնա ի մէջ փակէր։

Իսկ կորովին Վարդան իւրովք քաջ նիզակակցօքն ոչ սակաւ նախճիրս ի տեղւոջն գործեաց, յորում տեղւոջ և ինքն իսկ արժանի եղև առնուլ զկատարեալ նահատակութեանն պսակ:

Եւ յերկարեալ գործոյ պատերազմին՝ օրն տարաժամէր, և մօտ առ երեկս կարճատէր. բազմաց օրահասք մահու հասանէին, մանաւանդ ի թանձրութենէ դիականց մօտ առ մօտ խտացեալ իբրև զփայտահարս մայրաւորաց: Անդ էր տեսանել զբեկումն նիզակացն և զխորտակումն աղեղանց. վասն այնորիկ և ոչ կարէին կալ ճշմարտիւ ի վերայ սուրբ մարմնոյ երանելեացն. և սաստիկ խուճապ տագնապի էր կողմանցն երկոցունց անկելոց: Եւ որք մնացեալքն էին՝ վատնեալք և ցրուեալք լինէին ի լեռնադաշտ ամուր ձորոցն. և յորժամ պատահէին միմեանց՝ դարձեալ միւսանգամ զմիմեանս սատակէին: Եւ մինչև ի մուտս արեգականն անդադար լինէր գործ դառնութեանն։

Եւ քանզի գարնանային էր ժամանակն, ծաղկալից դաշտքն դառնային յորդահոսանս արեանց բազմաց։ Մանաւանդ յորժամ տեսանէր ոք զբազմակոյտ դիականցն անկելոց, սիրտն բեկանէր և աղիքն գալարէին՝ լսել զմնչիւն խոցելոցն և զմռնչիւնս բեկելոցն, զթաւալգլոր խաղալ սողալ վիրաւորացն, զփախուստ վատացն, զթաքուստ լքելոցն, զսրտաթափումն զանարի արանցն, զճչիւն կանացեացն, զողբս սիրելեաց, զաշխարումն մերձաւորաց, զվայ և զաւաղ բարեկամացն: Քանզի ոչ եթէ կողմ էր որ յաղթեաց, և կողմ էր որ պարտեցաւ, այլ քաջք ընդ քաջս ելեալ՝ երկոքին կողմանքն ի պարտութիւն մատնեցան»։

Խոսել Եղիշեի «Հայոց պատերազմի» մասին, կարելի չէ մեջ չբերելով նրա գովքը պատերազմի ժամանակ ընկած և բանտարկված նախարարների կանանց մասին։ Դա մեր Պատմագրի երկի վերջին հատվածն է, միաժամանակ և նրա բանաստեղծական ընտրելագույն կտորներից մեկը, որի նմաններն իր ժամանակի համաշխարհային գրականության մեջ անգամ քիչ կան։ Բերենք դրանից մի հատված.

«Տիկնայք փափկասունք Հայոց աշխարհին, որ գրգեալք և գգուեալք էին յիւրաքանչիւր բաստեռունս և ի գահաւորակս, հանապազ բոկ և հետի երթային ի տունս աղօթից, անձանձրոյթ խնդրեալ ուխտիւք՝ զի համբերել կարասցեն մեծի նեղութեանն։ Որ ի մանկութենէ իւրեանց սնեալ էին ուղղովք զուարակաց և ամճովք էրէոց, խոտաբուտ կենօք իբրև զվայրենիս ընդունէին զկերակուրն մեծաւ խնդութեամբ, և ոչ յիշէին ամենևին զսովորական փափկութիւնն։ Սևացեալ ներկան մորթք մարմնոյ նոցա. վասն զի ցերեկ արևակէզք էին և զամենայն գիշերսն գետնաբեկք: Սաղմոսք էին մշտնջենաւորք՝ մրմունջք ի բերանս նոցա, և մխիթարութիւնք կատարեալք ընթերցուածք մարգարէիցն։ Միաբանեցին