երկու երկու իբրև ամոլք հաւանք և հաւասարք՝ ուղիղ տանելով զակօսն արքայութեան, զի առանց վրիպելոյ հասցեն ի նաւահագիստն խաղաղութեան:
Մոռացան զկանացի տկարութիւն, և եղեն արուք առաքինիք ի հոգևոր պատերազմին. մարտ եդեալ կռուեցան ընդ մեղսն կարևորս, հատին կտրեցին և ընկեցին զմահաբեր արմատս նոցա: Միամտութեամբ յաղթեցին խորամանկութեան, և սուրբ սիրով լուացին զկապուտակ ներկուածս նախանձուն. հատին զարմատս ագահութեան, և չորացան մահաբեր պտուղք ոստոց նոցա: Խոնարհութեամբ կոփեցին զամբարտաւանութիւն, և նովին խոնարհութեամբ հասին երկնաւոր բարձրութեանն։ Աղօթիւք բացին զփակեալ դրունս երկնից, և սուրբ խնդրուածովք իջուցին զհրեշտակս ի փրկութիւն. լուան աւետիս ի հեռաստանէ, և փառաւորեցին զԱստուած ի բարձունս:
Այրիք որ ի նոսա էին՝ եղեն վերստին հարսունք առաքինութեան, և բարձին յանձանց զնախատինս այրութեանն: Իսկ կանայք կապելոցն կամոք կապեցին զմարմնաւոր ցանկութիւնս, և եղեն կցորդ չարչարանաց սուրբ կապելոցն. ի կեանս իւրեանց նմանեցին քաջ նահատակացն մահուամբ, և ի հեռաստանէ եղեն վարդապետք մխիթարիչք բանտարգելեացն: Մատամբք իւրեանց վաստակեցին և կերակրեցան, և զկարգեալ ռոճիկ նոցա յարքունուստ՝ ամ յամէ թոշակ առնէին և տային տանել նոցա ի մխիթարութիւն: Անարիւն ճիպռանց նմանեցին, որ երգոյն քաղցրութեամբ առանց կերակրանաց կեան, և կենդանի են միայն զօդն ծծելով, զանմարմնոցն բերեն զնմանութիւն:
Բազում ձմերաց հալեցան սառնամանիք. եհաս գարուն և եկին նորեկ ծիծեռունք. տեսին և խնդացին կենցաղասէր մարդիկ, և նոքա ոչ երբէք կարացին տեսանել զանձկալիսն իւրեանց։ Ծաղիկք գարնանայինք յիշատակեցին զպսակասէր ամուսինս նոցա, և աչք իւրեանց կարօտացան տեսանել զցանկալի գեղ երեսաց նոցա: Ապառեցան բարակք որսականք, և խցեալ կուրացան արշաւանք որսորդաց: Բնագրօք յիշատակեցան նոքա, և ոչ մի տօնք տարեկանաց ոչ ածին զնոսա ի հեռաստանէ. ի ճաշակատեղս նոցա հայեցան և արտասուեցին, և յամենայն յատեանս յիշեցին զանուանս նոցա: Բազում արձանք կանգնեալ էին յանուն նոցա, և անուանք իւրաքանչիւր նշանակեալ ի նոսա։ Եւ իբրև այնպէս յամենայն կողմանց ալէկոծ լինէին միտք նոցա, ոչ ինչ կասեալ թուլացան յերկնաւոր առաքինութենէն: Արտաքնոցն երևէին իբրև այրիք սգաւորք և չարչարեալք, և յոգիս իւրեանց զարդարեալք և մխիթարեալք երկնաւոր սիրով։
Ոչ ես սովորեցին հարցանել զեկեալ ոք ի հեռաստանէ, եթէ ե՛րբ լինիցի մեզ տեսանել զսիրելիսն մեր. այլ այն էին իղձք աղօթից նոցա առ Աստուած եթէ որպէս սկսանն՝ քաջութեամբ ի նմին կատարեսցին լի երկնաւոր սիրովն»։
Եղիշեի երկի այս հատվածը, որից միայն մի մասը բերվեց այստեղ գորովալից քնքշությամբ ոգված մի սքանչելի հիմն է առաքինի կանանց, «փափկասուն տիկինների» մասին, որոնք տոկունությամբ տանում են կյանքի ամեն նեղություն և արի տղամարդիկ են դառնում, որպեսզի արժանավոր լինեն հայրենիքի համար ընկած իրենց ամուսին դիցազներին և արժանապես քաջալերական կոչ ուղղեն հեռաստանում բանտարկված իրենց հարազատներին։
1. Կենսագրությունը։— Այս պատմագրի մասին կենսագրական տեղեկություններ ունենք շնորհիվ այն հանգամանքի, որ նրանից մնացել է մի «Թուղթ»[1], այսինքն՝ մի գրություն, որ ուղղված է մարզպան
- ↑ «Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց և Թուղթ», աշխատութեամբ Գ. Տէր-Մկրտչեան և Ստ. Մալխասեանց, Տփղիս, 1904: Այստեղ նաև մատենագրություն Փարպեցու մասին: Նույնը՝ Թիֆլիս, 1907: Էջերը ցույց են տրված այս տպագրությունից: