Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վահան Մամիկոնյանին: Նա ծնված է մոտավորապես 443 թվականին, գուցե, մեկ կամ երկու տարի առաջ, Արագածոտն գավառի Փարպի գյուղում, ինքն իրեն կոչում է «Փարպեցի»[1]։ Հավանորեն նա որևէ ազգակցություն կամ մերձավոր կապ է ունեցել Մամիկոնյան կամ Արծրունի տոհմի հետ, քանի որ Հմայակ Մամիկոնյանի այրին՝ Ձուիկ, Վարդան Մամիկոնյանի եղբոր կինը, Աղան Արծրանու քույրը, իր չորս երեխաների հետ հավասար սնուցել է Վրաստանում և իր քույր Անուշ Վռամի մոտ, որ կինն էր Վրաց Աշուշա բդեշխի։ Նա «Թղթի» մեջ գրում է Վահանին. «Երանելի մայրն քո յորժամ առ բդեշխն ած զձեզ, յորում դրան և զմեզ ուսուցանէին, սակայն թէպէտ և ըստ տիոց աւագագոյնք քան զձեզ էաք, այլ սննդակիցք էաք ձեզ և խաղակիցք, կրելով ի խաղու զարկանելիս ձեր զկնի ձեր. սնուցանէ մայրն ձեր օրհնեալ և Անուշ-Վռամ ըստ իւրեանց հոգեսիրութեանն և զմեզ ընդ ձեզ որպէս և զձեզ»[2]։

Առաջին կրթությունը Ղազարը ստացել է Աշուշա բդեշխի տանը։ Ինչպես երևում է, ուսումն արդեն թափանցած էր ոչ միայն Մամիկոնյանների, այլև Կամսարականների և Արծրունիների ընտանիքները: Վահանի մոր համար, որ Աղան Արծրունու քույրն էր, Ղազարը գրում է Հայոց Պատմության մեջ, թե «եղև կին անուանի և առաւելեալ ամենայն լաւ և մտաւոր մասամբք»[3]։ Իսկ «Թղթի» մեջ[4] վկայության կոչելով Վահանի եղբորորդիներին, ազգականներին՝ ասում է. «Եւ ունին երեքեան արքդ զամենայն սննդեան և խրատու մասն և զհրահանգ հոգեպէս և մարմնապէս, և զծանօթութիւնս ուղղափառ հաւատոյ՝ յօրհնելոյ ի մօրէն քումմէ և ի քէն ի տեառնէ»:

Հետո նա ուսում է առել Վահան Մամիկոնյանի քեռու, Աղան Արծրունու մոտ, որ պատանեկան հասակից կրոնավորել էր: «Սնեալ և ուսեալ առ ոտս առաքինակրօն երանելւոյն Աղանայ, որ էր ազգաւ ի հոյակապ և յականաւոր տոհմէն Արծրունեաց, որդի Վասակայ, եղբօր Տաճատայ և Գոտորզի»[5]: Աղանի ձեռով էլ Ղազարը դարձել է կրոնավոր[6]:

Թե ի՛նչ է սովորել նա իր ուսուցիչների մոտ՝ այդ չգիտենք. միայն երբ Ղազարին բամբասում են, թե «գիր ոչ կարդայ, և զընթերցուածն այնպէս ասէ անսայթաք՝ որպէս թէ գրոցն», Ղազարը բացատրում է, թե «մեր երանելի վարդապետքն զամենայն զկտակարանս եկեղեցւոյ երիցս և չորիցս ուսուցեալ մեզ ի սկզբանէ մինչև ի կատարած գրոցն՝ համարս պահանջէին ի մէնջ զնոյնս, և իբրև զԴաւթի Սաղմոսն պաշտել մեզ

  1. Անդ, էջ 13:
  2. «Թուղթ», էջ 411: Տե՛ս և «Պատմութիւն Հայոց», էջ 242:
  3. «Պատմութիւն Հայոց», էջ 242:
  4. «Թուղթ», էջ 422 և հտն.:
  5. «Պատմութիւն Հայոց», էջ 13:
  6. «Թուղթ», էջ 411: