Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարկաւորէին», այսինքն ստիպում էին անգիր ասել։ «Իսկ այժմ յոլովք ի լիրբ մախողաց, — ավելացնում է նա,— և զանուանս անգամ և կամ զքանօնութիւնս կանոնեալ եկեղեցական գրենոյ հազիւ կարեն գիտել, և գրգռութեամբ նախանձարկու դիւին, նստեալք առ միմեանս լու ի լու այլոցն զինչպէտս խօսին» (էջ 435):

Ուսումը կատարելագործելու համար նրան տանում են Բիզանդիոն. «Տարեալ զիս ըստ վարդապետաց իմոց հրամանի ի Հոռոմս՝ ժամանակեցի անդ ամս»։ Այս «վարդապետներից» մեկն Աղան Արծրունին էր, մյուսները հայտնի չեն: Թե ի՛նչ է ուսել նա հոռոմներից, այդ մասին չի խոսում։ Նա հիացած է հունական գիտությամբ։ Հայոց Պատմության առաջաբանի մեջ նկարագրելով Ս. Պոլիսը՝ վերջն ավելացնում է. «Վտակք գիտութեան, որպէս ի թագաւորանիստ վայրի, յորդեալ բղխեն ի քաղաքէն. որպէս և յամենայն կողմանց յաշխարհէն Յունաց քաջ ուսեալքն անդ փութան հանդիսանալ, և մինչև ցայսօր առաւելեալ տարածին յամենայն կողմանս նորա իմաստութեան վտակք» (էջ 11): Եվ ինքը Ղազարն էլ պարծենում է իր «առաւելեալ շնորհով»։ «Իմ ըստ կարի պարապեալ յունական ուսմանցն, և ըստ զօրելոյ տկարամտութեանս իմոյ կարդացեալ զգիրս արանց սրբոց», ինչպես են Աթանաս Աղեքսանդրացի, Կյուրեղ Աղեքսանդրացի, Կյուրեղ Երուսաղեմացի, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նազազանցի, «և զմերոյին առաքելանման նահատակին Գրիգորի, զվարդապետէն Հայոց»։ Դրանք ուղղափառ գրողներն են (էջ 418 և հտն.): Վերադառնալուց հետո, գրում է նա, «կեցի առ Կամսարականսդ յամենայն ամբոխսն, մինչև յամս նուաճման ձերոյ», ուրեմն մինչև 484 թ., երբ Վահանը ենթարկվում է պարսից թագավորին։ Ինչպես երևում է, Ղազարն էլ մասնակից է եղել Վահանի ու Կամսարականների պայքարին ընդդեմ պարսիկների։ «Եւ զհետ այնորիկ,— շարունակում է նա,— որպէս թէ ձանձրացեալ յաշխատութենէ շփոթիցն՝ կամեցայ պարապել աղօթից և հանգչել։ Եւ երթեալ ի Սիւնիս՝ կեցի անդ ամս երկուս, զձմեռն ի քարայրի, առ առն միում հռչակելոյ ի բնակչաց գաւառին յամենայն կրօնաւորութիւնս, որում անուն էր Մովսէս, և տեղին անձուկ, և զամառն, յաղագս տօթոյ տեղւոյն, քահանայապետ աշխարհին տէր Մուշէ տանէր զիս առ ինքն՝ ո՛ւր և լինէր ի հովու»։

Երբ 486 թ. Վահան Մամիկոնյանը դառնում է Հայաստանի մարզպան, սկսում է բարեկարգություններ անել երկրում. նա նորոգել է տալիս Վաղարշապատի Կաթողիկե եկեղեցին, վանք ու միաբանություն է հաստատում այնտեղ. «Հիմնարկեալ նորոգեաց մեծապայծառ շքեղութեամբ զհնացեալ գործ նախնեացն իւրոց» (էջ 346)։ Նա Սյունիքից իր մոտ է բերում և իր մտերիմ Ղազարին և վանահայր կարգում այնտեղ. «Եւ դու յայց ելեալ խնդրել զիս, և գտեալ յաշխարհին յայնմ՝ ածեր ի տուն, ոչ իբրև զաղքատ զոք ի կազմածէն և ի մանկտւոյն, և ոչ իբրև օտար զոք ի քէն և կամ զծառայ ուրուք. քանզի պարեգօտաւորք ազատեալ են ի Քրիստոս։ Իսկ որ զատոյցն զիս պարեգօտիւք ի ծառայութենէ