Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշխարհիս և ազատութեան եղև մեզ առիթ, տէր Աղան՝ քո տեառն քեռի էր» (էջ 410 և հտն.)։

Հետաքրքիր է, որ շատերն են ձգտել ստանալու այդ, ըստ երևույթին, արդյունավետ վանահայրության պաշտոնը։ Ղազարը գրում է այդ առթիվ, թե դու կհիշես «զտուեալ պատգամն երանելւոյն Յովհաննու, Գիւտայ կաթողիկոսի եղբօրորդւոյն, քեզ տեառն ի Սևկոյ դրախտին՝ յարանց ոմանց, որք խոստանալով քեզ տեառն կարասի՝ խնդրէին զտեղիդ։ Եւ քո տեառն կոչեցեալ զտէր Վարդ, զքո եղբայր, և զՀայդիկ և զիմ անարժանութիւնս՝ հրամայեցեր միւսանգամ երկրորդել տեառն Յովհաննու զպատգամսն. յոր ասացեալ քո տեառն և այլ բազում ինչ բանս՝ գլուխ պատգամի պատասխանւոյն արարեալ, եթէ «Պարտ էր նոցա՛ իսկ ածել զմտաւ, և զայդպիսի ինչ չյղել առ իս. բայց որովհետև նոքա անզգամեցան՝ սակայն ես զայսպիսի քրտամբ մեծ զվաստակս և բազում աշխատութեամբ զծախս՝ վատ վաճառականութեամբ ընդ թեթև ընչի տալ ոչ կարեմ, և ոչ զհոգևոր և զյաւիտենական գանձ՝ անպիտոյ և անցաւոր կարասւոյ փոխանակել»։ Եւ ընդ տեառն Յովհաննու զայրացար, թէ «Բնաւ իբրև քեզ առն լսել իսկ է՞ր արժան զայսպիսի բանս, թող թէ առ իս բերել» (էջ 427 և հտն.)։

Վահանը Ղազարին հանձնարարում է իր ընտանիքին («յանձնեցեր զիս քո ընտանեաց»)՝ և նրա եղբայրներն ու եղբորորդիները, ինչպես և Կամսարական իշխանները, սիրով լսում են նրան և օգնում են Ղազարին վանքը բարեկարգ պահելու և պայծառացնելու։ «Կահիւ և կազմածով» ոչ «նուազեալ քան զայնոսիկ, որք յերկերիւր ամէ շինեալ». «թէպէտ և մի անգամ և երկիցս ջարդեցաւ բոլոր կահն յանհաստատութենէ շինուածոյն», — գրում է նա,— բայց նա կարողանում է նորոգել (էջ 426)։

Նա հայտնի է դառնում իր քարոզներով. ժողովուրդը սիրով լսում է նրան ու գովում։ Նա վայելում է իշխանների հովանավորությունն ու բարեկամությունը, որոնք հոգում են և՛ վանքի, և՛ Ղազարի անձնական պիտույքները։ Ղազարը բոլոր եկամուտների հաշիվներն առանձին-առանձին գրով պահում է, ամեն մեկի տվածը գրի անցնելով։ Թե քանի՛ տարի է տևում Ղազարի վանահայրությունը, այդ հայտնի չէ, բայց երևում է, որ ոչ կարճ ժամանակ է կատարել նա այդ գործը։

Ղազարին նախանձողների և հակառակորդների թիվը շատ էր հենց սկզբից, երբ դեռ նա վանահայր չէր կարգված։ Նրանք հանգիստ չեն մնում. արգելքներ են հանում Ղազարի դիմաց՝ նրա ընթացքը խափանելու համար։ «Թղթի» առաջաբանը գրողն, որ երևի Ղազարին հարգող բարեկամներից մեկն էր, ասում է. «Պատահեաց նմա կրել տրտմութիւն ի վայրապար մարդկանց, զի ի հրոյ վնասեալ փայտակերտն եկեղեցւոյն»։ Այս դեպքը զենք է դառնում Ղազարի թշնամիների ձեռին, և նրանք ամեն տեսակի զրպարտություններ անում են շարունակ Ղազարի վրա, մինչև որ վերջապես նա ոչ մի պաշտպանություն չի գտնում նրանց դեմ— ոչ Վահանի և ոչ կաթողիկոսի կողմից: Հակառակորդները սիրտ են առնում.