Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վահանին, և չափազանց նվաստացնելով իրեն՝ նա միայն թելադրում է նրան ուշադիր լինել: Բայց դրանով նա չի դառնում արհամարհելի, որովհետև իսկույն ուղղում է իրեն։ Մենք չգիտենք, թե ի՛նչ ծագում ուներ նա, համենայն դեպս խոնարհ, քան Մամիկոնյան տոհմը, քան Վահան Մամիկոնյանը, մանավանդ որ սա արդեն երկրի ամենաբարձր իշխանավորն էր։ Բայց և այնպես, նրան գովելով հանդերձ, Ղազարը բնավ չի կորցնում իր արժանապատվությունը նրա առաջ։ Ընդհակառակն, նա անմիջապես խոսելով իր մասին՝ իրեն չի համարում որևէ մեկի «ծառայ». իբրև հոգևորական նա իրեն անվանում է նույնիսկ «ազատեալ… ի ծառայութենէ աշխարհիս»։ Դրանով, ինչպես և իր ուսումով ու կյանքով, նա իրեն մինչև անգամ հավասար է դասում Վահան Մամիկոնյանին. «Ըստ այդմ մասին ի Հայս քեզ տեառն անկ էի»,— գրում է նա դիմելով Վահանին։ Նա նրան հիշեցնում է, որ սննդակից է եղել նրան. իր մանկական կյանքով ու կրթությամբ էլ իրեն դարձյալ հավասար է համարում Վահանին. «Ըստ այնմ ամենայնի քեզ տեառն անկ էի»։ «Իսկ ըստ առաւելեալ շնորհիս… արդարև քեզ իսկ և արժանի», գրում է նա երրորդ անգամ: Որովհետև,— ասում է նա,— եթե այս ժամանակներում դու քո քաջությամբ պայծառացել ես ամենքից, ես էլ իմ շնորհքով բարձր եմ շատ պարեգոտավորներից։ «Ահա անզգամեցայ և ճառեմ. ներեա՛, աղաչեմ, փոքր մի անզգամութեանս իմոյ», ասում է նա. բայց և դրանով «ստոյգ առաւել քեզ իսկ էի արժանի», ավելացնում է նա չորրորդ անգամ։ «Եւ ե՛մ ես այն Ղազար, ըստ առ ի քէն տեառնէ և այլոց բազմաց ասացածի, որում ոչ ոք գոյ փոխանակ։ Իսկ այժմ, առ նախանձու աղետի, բազումք նկրտէին լինել իմ փոխանակ. բայց եթէ իցեն»,— բացականչում է նա մեծ հպարտությամբ և վիրավորված զգացմունքի անկեղծ արտահայտությամբ։ Եվ ամենը նա ասում է այնպիսի նրբամտությամբ ու կորովաբանությամբ, այնպիսի տրամաբանությամբ ու փաստարկումով, նյութի մասերի այնպիսի դասավորությամբ, որ իսկույն իմացվում է նրա «ճարտասանությունը», և ընթերցողը համոզվում է նրա անմեղությանը և տեսնում նրա թշնամիների ոչնչությունը։

Իր հալածանքի պատճառը Ղազարը համարում է «ստախոս աբեղաների» նախանձը։ Ինչպես որ Եզնիկ Կողբացին սատանայի հարուցած չարիքների համար իբրև պատճառ դնում է նախանձը, նույնպես և Ղազարը, և մեկ մեկ թվում է, թե որքան «ի սկզբանէ արարածոց բազում ոճիրս գործեաց նախանձ յաշխարհի», և վերջը կցում է, թե այսպես «առ նախանձու՝ կուտէին և ի վերայ իմ բազում բանսարկութիւնս»։ Նա կարգով մեջ է բերում իր թշնամիների զրպարտություններն և մանրամասնորեն հերքում է դրանք։

1. «Ղազար ասէ, թէ պոռնկութիւն մեղք չեն. զսոյն և մարդասպանին սադրէ».

2. Ղազարն «աղանդաւոր է».