Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3. «Գամ մի պիղծ ոք է և չարագործ՝ Ղազարայ վանք անդ են, և սիրէ զնոսա».

4. «Մանուկ մի՝ հոգաբարձ տեղւոյն չկարէ առնել».

5. «Ի նախնումն գիտնաբար խօսէր և այժմ անգիտաբար».

6. «Այդ գիր ոչ կարդայ, և զընթերցուածսն այնպէս ասէ անսայթաք, որպէս թէ գրոցն»։

Այս են եղել բանսարկուների չարախոսությունները։ Ճարտասանները երբ ճառ ասելիս ուզում են ազդել, թույլ փաստարկումներից անցնում են դեպի զորեղները, որպեսզի վերջին վայրկյանին զորեղ տպավորություն գործեն։ Ղազարը հակառակ ձևով է վարվել։ Ինչպես կարելի է նկատել, նա առաջ բերել է ուժեղ մեղադրանքները, հետո՝ հետզհետե թույլերը։ Դա էլ նուրբ ճարտասանական եղան է, դարձյալ ունկնդիրների, այս դեպքում՝ կարդացողի վրա ազդելու համար՝ թուլացնելով մեղադրանքների ագդեցությունը։ Այստեղից հենց երևում է, որ իզուր չէ եղել Ղազարին տրված «Ճարտասան» մականունը։

Բայց նրա ճարաասանությունը միայն դրա մեջ չէ. նա հմուտ արվեստ և ուժեղ ոճ է բանեցնում նաև բանսարկությունները ժխտելիս և իր անմեղությունն ապացուցելիս. կծու սրամտությամբ մեկ՝ հեգնում ու ծաղրում է իր հակառակորդներին, մեկ՝ վկաներ բերում իր գործունեության համար. մերթ արհամարհանքի ու անարգանքի մատնում հակառակորդների տգիտությունը, իբրև վարդապետ սովորեցնելով, որպեսզի «լռեսցին լիրբքն և անամօթքն», կամ բնութագրում է նրանց իբրև «հէգք և թշուառականք»։ «Յաղագս որոյ արուեստի դու, տէ՛ր, զիս սպասաւորեալ մեծարէիր՝ այսմ ինչ դոքա չէին տենչողք… Խոհակերութիւն ուսեալ իսկ չէի, եթէ ձկան աղիս ըստ ուրուք ճաշակելեացն մարթէի յօրինել, և կամ զհաւուց փորոտիս, որովք թերևս կարէի ումեք հաճոյ լինել» (էջ 424)։

Հակառակորդների բամբասանքներն ընդհանրապես խիստ վրդովում են Ղազարին, մինչև անգամ այսպիսի խոսքը որ ասել են. «Արդարև յառաջնում քաջ համեղս ասէր և զօրաւորս, բայց ապա յարգի ժամս բնաւ վատ ասէր»։ Նա բերում է այս բամբասանքն և իսկույն բացականչում է. «Եւ զա՛յս ոչ կարացին գիտել, թէ ի յանդիմանութիւն և յամօթ անձանց իւրեանց խօսէին զայնպիսի բանս» (431)։ Եվ ապա նա մանրամասն բացատրում է, թե լավ ճառելը միայն ճառողից չի կախված, այլև ունկնդիրներից։ Նա իբրև ճառախոս շատ լավ գիտէ, որ լավ խոսելու գլխավոր պայմաններից մեկն է և լավ ունկնդրությունը։ Եվ նա նկարագրում է, թե ինչպես հույն ժողովուրդը սիրով է վերաբերում դեպի ճառախոսը և բնական է, որ այդպիսի դեպքում խոսողի միտքը զարթնում է ու նա ոգևորվում է։ «Իսկ Հայոց աբեղէնքս առ դառնաշունչ նախանձու, որ միացեալ է ի սիրտս նոցա՝ զնոցունց հակառակսն երկնեն… և եթէ յանկարծ շնորհի բան ի մարդասիրէն՝ հեղձնուն ի նախանձուէ։ Եթէ զոք տեսանեն ի ժողովրդենէն եթէ գովէ՝ ծաղր առնելով ամաչեցուցանեն. «Արդ լռել ինչ, ասեն, չգիտէ, և ընդ վայր աղաղակէ և քրքուի»։ Իսկ Յունաց