Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հայոց Պատմությունից», որի մեջ նա հիշում է, որ հայ նախարարներն ու շինականները սիրում էին Հայոց հեթանոսական հին երգերը, «զիւրեանց երգս առասպելաց զվիպասանութեանն»[1]։ Բուզանդի այս կտորից իմացվում է, որ Հայոց հին հեթանոսական երգերը կոչվում էին «Երգք առասպելաց», «Երգք վիպասանութեան»։

2. Առասպելախառն վեպ և հարակցումներ։— Որ մեր առաջին ավանդական վեպն այսպես կրկին կոչումներ ունի, դրա պատճառն այն է, որ առասպելները նրա մեջ մեծ տեղ են ունեցել։ Եվ իսկապես, այդ վեպի հիմունքն է միայն պատմական։ Այլապես էլ չէր կարող լինել բերանացի ավանդված պատմության համար այն հին դարերում, երբ մանուկ միտքը տարբերություն չէր դնում իրականի ու երևակայականի միջև, որով և այդ վեպի մեջ հարակցվել են առասպելական զրույցներ, այլև իսկական պատմական եղելություններն էլ մասամբ ստացել են առասպելական գույն։ Եվ այսպիսով առաջ է եկել առասպելախառն վեպ։ Բայց քանի որ վիպասանները և նրանց ունկնդիրներն իսկական պատմություն էին համարում նաև առասպելները, ապա նրանց համար Վիպասանությունն իր ամբողջությամբ մի պատմվածք է եղել անցյալում կատարված եղելությունների։ Բայց և այնպես, ավանդական վեպի մեջ էականն ու կարևորն առասպելը չէ, այլ պատմությունը։ Մի անգամ որ մեր «Վիպասանքն» առասպելախառն պատմվածք է, դրա ուսումնասիրության ժամանակ պետք է պատմականն անջատել առասպելականից։

Այդ կատարելիս՝ առասպելների համար նկատի պիտի ունենալ, որ միթական բնավորություն ունեցող զրույցները հեշտությամբ չեն մոռացվում ժողովրդի մեջ, այլ երկար պահվում են, միայն կերպարանափոխ լինելով և ուրիշ առասպելների հետ կցվելով, և կամ իրենցից մասեր միայն մոռացության տալով։ Մյուս կողմից՝ դիցաբանական բնավորություն ունեցող առասպելները մեծ մասամբ միայն մի ազգի չեն պատկանում։ Ուստի և շատ բնական է, որ մեր հին վեպի մեջ մտնող առասպելները, ոչ միայն ընդհանուր գծերով, այլև մասնավոր միջադեպերով, գտնենք այժմ թե՛ հայերի և թե՛ ուրիշ ազգերի մեջ։ Իսկ վեպի պատմականության համար պիտի իմանալ, որ վեպի հիմնական մասը միայն պատմական է։ Դրա մեջ պահված է լինում պատմական անցքերի հիշողություն, բայց մեծ անաքրոնիզմներով և այլափոխությամբ։ Այդ առաջանում է վեպի էությունից։ Պատմական երգ ու զրույցը և վեպը, իբրև ավանդական բանահյուսություն, դարեր շարունակ ապրելով վիպասանների բերանին, անզգալի կերպով փոփոխության են ենթարկվում։ Ավելի մեծ է այն փոփոխությունը, որ կատարվում է ուրիշ նշանավոր իրողությունների և պատմական անձերի ազդեցությամբ։ Ավանդական երգն ու վեպը ժամանակաբանություն չունի։ Ուստի անջատ երգերն և ավանդությունները, որոնք առաջ են եկել զանազան նշանավոր պատմական անձերի և դեպքերի մասին, իրերի բնությամբ հարակցվում են հետզհետե միմյանց հետ։ Հինը հաճախ մնում է, թեև մթնած ու ետ մղված։ Հնի վրա ավելանում է նորը, հետագայում կատարված դեպքերի զրույցը։ Այդ ժամանակ զրույցներն ու երգերը սովորաբար ներքին փոփոխության են ենթարկվում և ոչ թե մեքենայաբար կցվում իրար։ Բնականաբար ամենից ավելի տուժում են հերոսների անունները։ Միացման համար իբրև հանգույց ծառայում է, գլխավորապես, զանազան անձերի գլխին եկած դեպքերի կամ նրանց կատարած գործերի համանմանությունը։ Նման դեպքերի ազդեցության տակ՝ հին

  1. Փաւստոս Բուզանդ, III դպրութ․, գլ․ ԺԴ։