Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անտիոքոս Մեծի պարտությունը հռոմայեցիներից Մագնեսիայի մոտ (190 թվին մեր թ. ա.) անմիջապես ազդանիշ է լինում, որ հայ իշխանները, որոնք մի քանի անգամ ապստամբել էին Սելևկյան տիրապետության դեմ, նորից ձգտեն անկախություն ձեռք բերելու։ Կատարվում է քաղաքական մեծ հեղաշրջում։ Հայերը երկար դարեր պարսիկներին ու մակեդոնացիներին ենթարկվելուց հետո՝ անկախանում են։ Բնիկ իշխանների ձեռով Հայաստանում հիմնվում են երկու թագավորություններ, որոնցից Արտաշես Ա-ի հիմնածը, Արտաշատինը, կարողանում է շուտով ընդարձակել իր երկրի սահմանները և իր մեջ ընդունել ամբողջ Մեծ Հայաստանը։

Դարեր շարունակ խաղաղ կյանք վարելուց հետո՝ հայ ժողովուրդը տնտեսապես ու քաղաքականապես ուժեղացած, այժմ ապրում է մի իսկական վիպական-հերոսական շրջան։ Արտաշիսյան հարստության սկզբից և Արտաշատ քաղաքի հիմնարկությունից (180 թ. մ. թ. ա.) մինչև Արշակունիների իշխանության հաստատումը Հայաստանում (66 թ. մ. թ․) և հետո, Հայաստանում կատարվում են մեծամեծ գործեր։ Հիմնվում են թագավորություններ ու քաղաքներ, փոխվում են հարստություններ, իրար հետ բախվում են մեծ տերություններ, և Հայաստանը դառնում է երկարատև պատերազմների վայր։ Այս պատմական մեծ իրողություններն ահա խորին ազդեցություն են թողնում ժամանակակիցների վրա և առաջ են բերում բազմաթիվ պատմական երգեր, զրույցներ և ավանդություններ։ Պատմական նշանավոր անձերն ու դեպքերը—Արտաշես Ա-ն իր հիմնած թագավորությամբ, Մեծն Տիգրանն իր անձով ու բախտով, սրա որդի Արտավազդը, թոռն Արտաշեսը, այս երեքի հարաբերությունը Մարերի հետ, և ապա Արշակունի Տրդատ Ա-ն իր նախորդներով ու հաջորդներով— նյութ են դառնում պատմական երգերի ու զրույցների և երգվում երգիչներից։

Այդ նախնական բանաստեղծությունը սկզբում, հարկավ, չի եղել ամբողջական վեպ, մի ընդարձակ պատմվածք։ Այլ դա եղել է տարրական ձևով, պարզ ու միամիտ մի բանաստեղծություն, փոքր քերթվածներ ու զրույցներ հերոսների ու նրանց քաջագործությունների մասին, պատմական երգեր, որոնց մեջ ասված են եղել ազնվական տոհմերի ծագումը, քաղաքների հիմնարկությունը, պատմված են եղել երկրի համար կարևորություն ունեցող դեպքեր՝ պատերազմներ, իշխող հարստությունների սկիզբը և նմանները։

Ժամանակի ընթացքում այս սկզբնապես անջատ պատմական երգերն ու ավանդությունները, հարելով իրար և նախորդ դարերից ժառանգած երգերի և առասպելների հետ, առաջ են բերել մի մեծ վիպական ամբողջություն մի քանի ճյուղերով, կազմվել է Վիպասանք կամ Վիպասանություն[1], կամ «Երգք առասպելաց», «Երգք Վիպասանաց» (այլև «Երգք

  1. Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 283—379։