Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թուելեաց»), որ շատ վաղ մշակել են արվեստավոր երգիչները—վիպասանները։ Դա մեր առաջին ավանդական վեպն է կամ առաջին հին վեպը, որ ծագել ու զարգացել է մեր վաղ ֆեոդալիզմի սոցիալական պայմաններում։

Վիպասանքի պատմական հիմքի մասին տե՛ս Մ. Աբեղյան, Երկեր, հտ. Ա, Երևան, 1966, §§ 42—48 (էջ 118—130)։

4. Արտաշատյան և Արմավիրյան վիպական ցիկլեր և Գողթան երգիչներ։— Թե Հայաստանի ո՛ր կողմերում է ծագել, զարգացել և տարածված եղել հայոց առաջին հին վեպը, այդ մասին վկայված տեղեկություններ չունենք։ Բայց այլ ազգերի վեպերի ծագման և զարգացման մեջ եղած մեծ նմանությունը թույլատրում է մեզ որոշել այն, որի բացատրության համար չունենք բավարար փաստեր։ Պատմական երգն ու զրույցը ծագում են ընդհանրապես այն տեղերում, կամ այն տեղերի մոտերը, ուր կատարվել են վեպի նյութ դարձող պատմական նշանավոր եղելությունները, և ավելի ևս այն տեղերում, ուր իրապես ապրել ու գործել են վեպի պատմական հերոսները, ուր և հետաքրքրվել են նրանց բախտով։ Արդ՝ Վիպասանքի մեջ մտնող ամենահին պատմական ավանդությունները վերաբերում են Արմավիրին ու Երվանդաշատին և Արտաշատին։ Հետևաբար պետք է ընդունել, որ այս քաղաքներում կամ դրանց կողմերում են սկիզբն առել վիպական երգերն ու զրույցները։ Առանձնապես Արտաշատ քաղաքի շուրջը պատմվել ու երգվել են ավանդություններ, որոնք կապված են եղել Արտաշատի իշխողների, Արտաշես Ա-ի, Մեծն Տիգրանի և իր զարմերի, ինչպես և ուրիշների անվան հետ։ Դրանք կազմել են երգ ու զրույցների Արտաշատյան ցիկլը։

Վեպի մեջ հիշված Երվանդ, Երվանդաշատ ու Երվանդակերտ, Երվանդավան և Արմավիր անուններն ու նրանց մասին պատմածներն ավելի վաղ ժամանակից են գալիս, քան Արտաշատն ու Արտաշիսյան հարստությունը։ Մեր թ․ ա. 4-րդ դարում Հայաստանի մի քանի սատրապները կրել են Երվանդ անունը, և նույնիսկ վերջին կառավարիչը Սելևկյան իշխանության օրով, Արտաշեսի ու Զարեհի թագավորելուց առաջ, կոչվել է Որոնտաս, որ է Երվանդ։ Ստրաբոնը գրում է. «Արմենիային տիրել էին նախ պարսիկները և մակեդոնացիները, հետո՝ Ասորիքի և Մեդիայի իշխողները, ի վերջո՝ կառավարիչ էր այստեղ Որոնտասը, որը յոթ պարսիկներից էր, իսկ ապա բաժանեցին երկու մասի հռոմայեցիների դեմ պատերազմող Անտիոքոս Մեծի զորավարները՝ Արտաշեսը և Զարեհը»[1]։ Վեպն, ուրեմն, պահել է անունն Արտաշես Ա-ի նախորդի, Երվանդի, որ բնականորեն եղել է, ինչպես է և Վիպասանքի մեջ, Արտաշեսի հակառակորդը, երբ նա ապստամբել է Սելևկյան տիրապետությունից։ Վեպի մեջ այս Երվանդի անվան հետ, սակայն, կապված են հիշողություններ նաև

  1. Թարգմ. ակադ․ Հ․ Մանանդյանի։