Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ
ԵԿԵՂԵՑԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՔԱՌՄԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՔԱՌՈՒՄ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՆԱԿԱՆ ՁԳՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ

1. Ազնվականություն և եկեղեցականություն։ — Հայոց գրականությունը 3-րդ դարի վերջերից մտնում է իր զարգացման երկրորդ շրջանը։ Ստեղծվում է նոր վիպական բանահյուսություն իբրև արտահայտություն 3-րդ և 4–րդ դարերի պատմական իրականության։ 5-րդ դարի սկիզբներին արդեն առաջ է գալիս հայերեն գիրն ու գրավոր դպրությունը, և այս ոչ թե ազնվական, այլ եկեղեցական դասի ձեռով։ Ազնվականներն այդ ժամանակ առհասարակ իրենց բարքերով դեռ շատ կոպիտ էին, հետամուտ միայն անձնական շահամոլական խնդիրների, ուսման ոչ մի նշանակություն չտվող։ Նրանք ապրում էին առանց զգալու գրի ու գրականության կարիքը, և եթե երբևէ գրավոր պայմանի կամ կալվածագրի պետք ունեին, այդ կատարել էին տալիս այլազգի գրերով ու լեզուներով։ Նրանց բավարարում էր իրենց ավանդական բանահյուսությունը, բերանացի վեպերն ու պատմական երգերը և իրենց ուրախության ու կոծի բանաստեղծությունը։ Դա նաև շինականության հոգևոր սնունդն էր։ Փ․ Բուզանդը (Գ․ 13) գրում է, թե «Խառանղանճ բազմութիւն մարդկան ժողովրդոց նախարարացն և կամ շինականութեանն» «դեգերեալ մաշէին… ի հնութիւն հեթանոսութեանց սովորութեանց, բարբարոս խուժադուժ միտս անելով։ Եւ զիւրեանց երգս առասպելաց, զվիպասանութեանն սիրեցեալք ի փոյթ կրթութեանցն, և նմին հաւատացեալք, և ի նոյն հանապազորդեալք»։

Բանավոր այդ ավանդական բանահյուսությունը պիտի կազմեր հիմունք մեր գրավոր բանաստեղծության, որի մեջ պիտի ցոլար հայ ազգի հատուկ հանճարը, եթե միայն մեր գրականությանը գրերի գյուտից հետո շարունակեր իր սեփական ճանապարհով ընթանալ։ Բայց գրի միջոցով չմշակվեցին ավանդական բանավոր բանաստեղծության տեսակները։