Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ-գեղարվեստական տեսակներից անջատ և անկախ լիներ իբրև մի ինքնուրույն բնագավառ: Այնտեղ բանաստեղծականն և ոչ-բանաստեղծականը կազմում են մի չտարբերակված միություն: Նույնիսկ հոգևոր երգերի մեջ, որ քնարերգություն են, մեծ է եղել ոչ միայն Ավետարանի, այլև դավանաբանության և մեկնաբանության ազդեցությունը, որ չափազանց թուլացրել է դրանց գեղարվեստականությունը և քնարերգությունը դարձրել կրոնագիտություն սովորեցնելու միջոցներից մեկը: Գրիգոր Նարեկացու բանաստեղծության մեջ անգամ, թեպետ և պակաս չափով, երևում է նույն ազդեցությունը: Բայց և այնպես՝ ամենից առաջ դրանք են մեր հին գրականության գեղարվեստական երկերը:

Երկրորդ կարգի մեջ են հայկական վկայաբանությունները: Դրանք հին գրականության վիպական պատումներն են իրենց առանձնահատուկ ձևով ու նպատակով, ոչ մաքուր գեղարվեստական երկեր, որոնք դեռ չեն ի մի ամփոփված և որևէ քննադատության առարկա դարձած: Ւմ այս աշխատության մեջ առնված են երեքը միայն, որոնցից մեկն իբրև պարսկական շրջանի արտահայտություն, մյուսը՝ արաբական:

Մաքուր գեղարվեստական եղել է բերանացի ավանդական բանահյուսությունը, բայց այդ էլ հարազատությամբ չի հասել մեզ. պատմագիրները միայն օգտվել են ավանդական երգերից և վեպ ու զրույցներից՝ իբրև աղբյուրներից: Չնայելով դրան՝ մեր հին պատմական հիշատակարանների մեջ ավելի կամ պակաս անդրադարձած է մեր հին ավանդական բանահյուսությունը, և իմ այս աշխատության մեջ միշտ գրված է նաև բերանացի բանաստեղծության մասին: Հին գրականության պատմությունը թերի կլիներ առանց դրան, որովհետև ավանդական և գրավոր բանահյուսությունները, այդ երկուսը միասին արտահայտում են մեր գրականության ամբողջական պրոցեսը:

Գեղեցիկ գրականությանը երկրորդաբար պատկանում են պերճախոսությունը, ճառերը, որոնք բոլորը կրոնական բովանդակություն ունեն: Դրանց մեջ կան այնպիսիները, որ հորինված են հռետորական վսեմ արվեստով: Բայց դրանց համար ևս պակասում է բանասիրական քննադատությունը. ուստի իմ այս աշխատության մեջ ուսումնասիրված են գլխավորապես «Յաճախապատում» կոչված ճառերը:

Ոչ միայն ճառախոսները, այլև հին հեղինակներն ընդհանրապես ստանում էին դպրոցական ճարտասանական ուսում և ձգտում էին իրենց երկերը հորինել արվեստով: Նրանք կիրառում էին զանազան հռետորական ձևեր, պատկերավոր արտահայտություններով պերճ լեզու և իրենց գրվածքներին տալիս էին որոշ ոճաբանական ձևավորում: Այդպես են վարվել մեր պատմագիրների մեծ մասը: Նրանց գրվածքները երբեմն խառնուրդ են բանաստեղծականի և պրոզայիկի. միևնույն երկի մեջ գրական և արտագրական տարրերը գտնվում են փոխեփոխ իրար կողքի: Դրանց մեջ կան գեղեցիկ հատվածներ, մանավանդ, երբ պատմագիրները գրի առել կամ քերթողաբար մշակել են ավանդական վիպական