Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յարքայէ վասն գտելոյն ի Դանիէլէ, յօժարեցին զարքայ՝ փոյթ առնել վասն պիտոյիցն այնոցիկ»։

Թագավորը բերել է տալիս այդ նշանագրերը, և Սահակն ու Մաշտոցն առնելով «զյանկարծագիւտն», այսինքն Դանիելի պատահաբար գտած նշանագրերը, թագավորից խնդրում են մատաղահաս մանուկներ, որ նշանագրերը սովորեցնեն նրանց։ Սկիզբն է դրվում հայ դպրության: Մաշտոցը դառնում է վարդապետ, այսինքն ուսուցիչ, և մոտ երկու տարի մանուկներին սովորեցնում է դրանցով։ Բայց վերջը հասկանում են, որ «չեն բաւական նշանագիրքն՝ ողջ ածել զսիւղոբայս-զկապս հայերէն լեզւոյն, մանաւանդ զի և նշանագիրքն իսկ յայլոց դպրութեանց թաղեալք և յարուցեալք դիպեցան»— այդ նշանագրերը բավական չեն հայերեն լեզվի սիղոբաները— կապերն ամբողջությամբ արտահայտելու համար, մանավանդ որ նշանագրերն էլ իսկապես ուրիշ դպրություններից թաղված և հարություն առած հանդիպեցին, այսինքն՝ այդ նշանագրերը բավական չեն եղել հայերենի համար, մանավանդ այն պատճառով, որ ուրիշ դպրությունների են եղել, այն էլ մոռացության տրված («թաղեալք») և նորից երևան եկած («յարուցեալք»): Ուրեմն այդ «Դանիելյան նշանագրերը»,— ինչպես անվանում է Մ. Խորենացին,— հատկապես հայերենի համար չեն հորինված եղել։ Դանիել եպիսկոպոսը պատահաբար («յանկարծ ուրեմն», որ կարող է հասկացվել նաև «պատահաբար մի տեղ») գտել է[1] դրանք իբրև հայերեն լեզվի ալփարետներ։ Կնշանակի՝ որևէ մեկն ուզեցել է, գուցե և փորձել է դրանք գործածել հայերենի համար, քանի որ Դանիել եպիսկոպոսը դրանք գտել է իբրև հայերենի նշանագրեր[2]։

Այսպես ուրեմն՝ տեսնում են, որ այդ նշանագրերը բավական չեն հայերենի համար։ Նորից «ժամանակս ինչ»— մի քանի ժամանակ նույն հոգսն են անում մի ելք, այսինքն նշանագրեր գտնելու համար։ Ապա Մաշտոցը թագավորի հրամանով և Սահակի համաձայնությամբ առնում է մի խումբ մանուկներ («դաս մի մանկտւոյ») և գնում է ասորոց երկու քաղաքները, Ամիդ և Եդեսիա, երևի, հուսալով թե այնտեղի մարդկանցից մի խորհուրդ կառնի։ Նա ներկայանում է այդ քաղաքների եպիսկոպոսներին, բայց, ինչպես երևում է, այդտեղ էլ ոչ մի առանձին օգնություն չի գտնում այդ բանի համար, բացի սիրալիր ընդունելությունից և հոգացողությունից։ Նա հետը տարած աշակերտներին, անշուշտ, ապագա թարգմանիչներ պատրաստելու նպատակով, բաժանում է երկու խմբի. մի խումբը Եդեսիայում կարգում է ասորական դպրություն սովորելու, իսկ մյուս խումբը հունական դպրության կարգելով՝ այնտեղից ուղարկում է Սամոսատ քաղաքը։ Ինքը շարունակում է աշխատել նշանագրերի խնդրի վրա։

  1. «Գտնել» բառի համար տե՛ս Կորիւն, Վարք Մաշտոցի, Երևան, 1941, էջ 108, ծան. 58։
  2. Դանիելյան գրերի մասին եղած զանազան կարծիքները տե՛ս Մ. Աբեղյանի «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրի ու գրականության սկիզբը», «Սովետական գրականություն», № 1, Երևան, 1941, էջ 49 և հտն., հատված 5։