Ոչ իսկ հառա՛չ մը հանել
Ճամբուս վրա այս անել․
Հըրամայել որ ցամքի՛
Վերջին կաթիլըն արցունքի.
Ո՛չ ոքի ձեռք երկարել
Որ գա հըրդեհն այս մարել.
Գիշերին մեջ, լուռ, անտես,
Դիտել հեռո՜ւն, կուռքի պես.
Դիտել ծովափն, ուր այնքա՜ն
Աստղեր սրտես դուրս ինկան.
Ու ժայռն այն ծեր՝ ուր հոգիս
Վարդի մ’համար լքեց զիս…
Հետո ժպտիլ ու քալել
Ճամբուն վրա այս անել։
Հոգիս գրկած թևերուս մեջ, ձեզի՛ կուգամ.
Ձեզի՝ լեռներն իմ երազիս, նո՜ր երազիս.
Հոգիս պճնած գեղեցկության շքեղանքով՝
Ձեզի՜, լեռներն իմ երազիս, ձեզի՜ կուգամ…
Տեսե՛ք ինչպես բեռնավորված եմ գանձերով.
— Աստղերու խոր անդորրությունն աչքերուս մեջ,
Դեմքիս վրա ազնվական թախիծը լուռ վիշտերուն,
Հպարտ ու ցուրտ ճակտիս մթին ծալքերն ի վար՝
Մահվան խորհուրդը հեշտանքի մը պես փռված,
Տիեզերքը հեգնել գիտցող պզտիկ ժպիտ մ’ալ շրթունքիս
Ահա, այսպե՛ս կուգամ ձեզի՜…