Էջ:Matteos Zarifian, Works.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ահ, դուն գինովի, դեմքըս չե՛ս տեսած․
Տժգույն, անիմաստ, անհույս ու վայրագ,
Երբ կ՚երթամ պառկիլ, երգով մ’անառակ,
Լույսե անկողինս՝ լուսինեն փռված․․․

«Ահ, դուն գինովի հոգիս տեսած չե՛ս,
Շենշող ու տրտում, ժպտուն ու լալկան․
Արցունքեն մռայլ ի՜նչ ծիծաղներ կան․․․
— Գինովը կ՚ատեմ.— չըսե՛ս, քույր, չըսե՛ս.

«Գինովը սիրե․ անոր սիրտը, քո՛ւյր,
Գեհեն մ՚է ցավի, որ անվերջ կ՚այրի.
Գինովը Լքյա՛լն է, հույսեն այրի,
Անոր կուրծքը հուր, ճակատն է մաքուր…»

Այսպես կ՚ըսեի ու դեռ շատ բաներ.
Երր իրեն դարձա՝ հոն չէր, զարմացա.
Աչքերըս բացի, բաց դաշտին վրա
Քնացեր էի. լուսինը կ՚իջներ…

ՀԱՄՐ-ՀԱՄՐ


Աշունն այնպե՛ս կը սուլե…
Տժգույն ծիծաղն ամպերուն
— Օ, արյունո՛տ ծաղրն անհուն ―
Երկնքին վրա կը քալե…

Դեռ շրթներուս կը պահեմ
Ժպիտն անցնող օրերուն.
Ու հին-հին երգ մ՚օրերուն
Կ՚ըսե թե դեռ տղա՛ եմ…

Հոգիիս մեջ դեռ ՈՉին
— Թեև կը զգամ ամեն օր —
Չլայնցա՛վ ցայգը հզոր,
Դեռ միտքերըս կը թռչին…