(Այստեղ երեք թերթեր փրցված են տետրակեն։– ԽՄԲ.)
. . . . . . . . . . . . . . . . . . . . .
Այս մտածումով է որ, մեկնելու ատեն, թևերուս մեջ առի գլուխը, հրաժեշտի փայփայանքս տալու իր հոգիին. և այնչա՜փ մշուշ կար աչքերուս մեջ...
- 1 հուլիս...
Կը սիրե՜մ, կը սիրե՜մ...
Ինչ որ կը զգամ իրեն հանդեպ՝ աննախընթաց է կյանքիս մեջ...
Ա՛յս է ահավասիկ սերը:
Ու ես կը զայրանայի, ատեն մը, իմ խեղճ հոգիիս դեմ, կարծելով թե սիրել չի գիտեր ան...
Օ, գիտե՜ եղեր սիրել իմ հոգիս, իմ աղվո՜ր հոգիս, ու ես հիմա կը գուրգուրեմ իր վրա, կը հիանա՜մ իրեն...
Տիեզերքին է՛ն շքեղ լույսով աստղն է հիմա իմ հոգիս...
- 4 հուլիս...
Տառապանքի վայրկյաններ կունենամ երբեմն. սուր֊սուր ցավեր կ՚անցնին հոգիես ու մարմինես. բայց ընդհանրապես այնքա՜ն հեշտագինորեն երջանիկ եմ...
Պատանեկան անդորրավետ բանաստեղծականություն մը եկած է վրաս, ու րոպեներ կ՚ըլլան երբ տղա կը դառնամ։ Այսպես, շատ անգամ, մայրամուտին, երբ թև թևի կը պտտինք իրենց պարտեզին ծառերուն տակ, հանկարծ ամբողջ ուժովս կը սեղմեմ իր մեկ մատը ու կը սպասեմ որ իր դեմքը առնե չարչրկվող մանուկի այն արտահայտությունը, որ շատ կը սիրեմ, ու պոռա՜․․․
Սաստիկ կը բարկանա և սրտագին կը հանդիմանե զիս, սիրելի շփացածություն դնելով իր լրջությանը մեջ, կը խոստանամ անգամ մըն ալ չնել: Խոստումիս վերջին բառին հետ՝ իր մեկ ուրիշ մատը կը սեղմեմ, ավելի ուժգին...
Իրապես կը նեղսրտի այս անգամ ու խստիվ կը բողոքե,