Էջ:Matteos Zarifian, Works.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնքան տխուր, այնքան ընկճված գտա տրամադրությունս, որ որոշեցի չերթալ՝ տրտմությունովս չվարակելու համար նաև իմ հրեշտակս։

Այդ տրամադրությունով ելա սենյակես, աչքերս գրեթե արցունքոտ, և քերթված մը գրեցի զոր շատ սիրեցի («Արհամարհանքը»)։

Հետո գացի, ուշ ատեն, Հրեից գերեզմանոցին քարերուն վրա նստելու։

15 օգոստոս...

Վերադարձա սենյակ, հոգնած, գրեթե շնչասպառ: Եվ ամբողջ մեղքս՝ պզտիկ, շատ պզտիկ պտույտ մը ըրած ըլլալս է, սիրած աղջկանս հետ։

Հոգ չէ, տակավին կրնա՛մ ժպտիլ ես։ Տակավին կրնամ արհամարհել, ճակատագի՛ր, զզվելի ձեռքդ որ սառույց կը կախե հոգիիս այս աղվոր գարունին մեջ։

Վա՛տ, պիտի չկրնա՛ս դյուրավ սառեցնել այս մնծ, այս շքեղ ծաղիկը, զոր այնքա՜ն գուրգուրանքով, այնքան տառապանքով, արյունովս մեծցուցի աս։

Ավելի ուժով ես, գիտեմ։

Բայց այդ՝ ոչի՛նչ։

Ահա կեցեր եմ դեմդ, տժգույն, ծյուրած, բայց պատրաստ եղունգներովս, ակռաներովս պաշտպանելու իմ գարունիս այս հոյակապ ծաղիկը։

Տժգույն եմ, այո՛։

Բայց կը տեսնե՞ս աչքերուս հրդեհը։

Սիրող մարդուն հուսահատութենեն վախցի՛ր, Աստվա՛ծ։

17 օգոստոս...

Եթե տակավին ունեցած ըլլայի որևէ հարաբերություն երկընքին հետ՝ այսօր կը խզեի զայն։ Բայց երկար ատեն է որ ես աչքերս վար եմ առած հոնկե։

Մե՜ղք որ այդպես է սակայն։

Պիտի ուզեի որ տակավին իմ սրտիս մեջ տեղ մը, խոշոր տեղ մը ունեցած ըլլար Ան, որպեսզի կարենայի ես այսօր հոգիիս