Jump to content

Էջ:Matteos Zarifian, Works.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբողջ արհամարհանքովը դո՛ւրս նետել զԱյն հոնկե։ Ախ, ինծի չտվիր՝ Քեզ փնտրելու հաճույքը նույնիսկ։

Ն...ին բերնեն արյուն եկավ այսօր...

18 օգոստոս...

Ն...ն Իզմիր կը մեկնի վաղը, իր ազգականներուն։

Հանդարտ խորհրդածության անկարող դարձած եմ։ Չեմ գիտեր թե ի՛նչ կը պատահի ինծի։

19 օգոստոս...

Մեկնեցավ։

Լուսնկա գիշեր է դուրսը:

Սենյակիս մեջ անշարժ նստած կը դիտեմ դիմացս։

Ի՞նչ կա դիմացս։

— Դատարկությունը...

Մեծ Կղզի, 21 նոյեմբեր 1921

Երեք ամիսե ի վեր բացած չեմ այս տետրակը։ Գոցեր էի զայն, ինչպես ամեն բան։

Եվ այս առտու, չեմ գիտեր ինչպես, նորեն առի զայն սեղանիս վրա, մաքրեցի փոշին և անսահմանելի զգացումով մը կարդացի ինչ որ գրեր եմ անոր մեջ, իմ կյանքիս ամենաեղերական այդ օրերուն։

Քանի՜ անգամ ճակատս ինկավ վար, փղձկումով մը որ անուն չունի, թուղթին տալու համար՝ մասնավոր տեղեր, շրթունքներուս համբույրը, աչքերուս արցունքին հետ։

Երե՜ք ամիս...

Պիտի հավատայի, եթե ինծի ըսեին՝ երեք տարի՜։ Եվ ինչե՜ր, ինչե՜ր ունիմ հանձնելիք նորեն, սիրական տետրակ, քու փոշիիդ:

Բայց ի՞նչ հարկ գրել։ Ինչո՞ւ գրել։ Լավ է որ գոցեմ քեզ նորեն, հոգիիս հետ։

Չեմ կարծեր որ դեռ շատ կ՚ապրիմ։ Գերեզմանի մը խաղաղությունը մոտ կը թվի ինծի: Գոնե ա՛յդ չի զգացվիր մարդուն, նույնիսկ է՛ն անբախտին...