Էջ:Metsapativ murackanner.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


առնելու կը նային կոր կամ երկու, ժամ գլուխդ ցավցունելու։ Ինչո՞ւս պետք իմին․ ես եկած եմ հոս կին մ’ առնելու և երթալու․ որուն աղջիկն որ սիրեմ՝ կուզեմ․ եթե տան՝ կառնեմ, գործս կերթամ, և եթե չտան, եթե չտան․․․ բայց ինչո՞ւ չտան․․․ ինձմե աղեկի՞ն պիտի տան․․․ Եթե վաղը սա լրագիրն իմ անունս ալ փառավորապես գրե, այն ատեն շատերն պիտի աղաչեն ինծի, որ իրենց աղջիկն առնեմ․․․ Մեկեն ավելին ի՞նչ պիտի ընեմ․․․ անոնց մեջեն պարկեշտ աղջիկ մը կը զատեմ․․․ խոսկապը[1] կընեմ․․․ նշան կուտամ․․․ կը կարգվիմ․․․

Այս որոշումները տալով կը քնանա Աբիսողոմ աղան։


Զ


Աբիսողոմ աղան աղվոր քուն մը քաշեց նույն գիշերը, վասնզի շատ հոգնած էր և թերևս հետևյալ օրն ալ չէր բանար աչերն, եթե փողոցի վաճառականներն առավոտուն իրենց ահարկու ձայներովս չխռովեին անոր քունը, մահվան այդ կտրոնն, որ ոչ միայն հոգնած մարդերու հանգստարանն է, այլև շատ մշտնջենա­կան ցավերու առժամանակյա դարմանն է։ Երանի՜ անոնց, որ կը քնանան և ուշ կարթննան կամ բնավ չեն արթննար, վասնզի անոնք բնավ չեն զգար կամ գոնե քիչ կզգան այն ցավերն, որք հալ ու մաշ կընեն մարդս։ Բայց Պոլսո մեջ քնանալու ազատություն ալ չկա․ գիշերները պահապաններն այնքան ուժով գետին կը զարնեն իրենց փայտերն, և առավոտուն փողոցի վաճառականներն այնքան բարձր ձայնով կեղանակեն իրենց ապրանքներն, որ քունն կը շվարի, կը մնա, թե ո՛ր կողմ փախչի։ Եթե վերջին դատաստանին օրը Գաբրիել հրեշտակապետը չհաջողի յուր փողովն մեռյալներն արթնցնել, ես պիտի առաջարկեմ, որ այդ պաշտոնը Պոլսո փողոցի վաճառականներուն կամ գիշերային պահապաններուն հանձնվի։ Աբիսողոմ աղան ալ, որ փողոցի վրա սենյակի մը մեջ կը պառկեր, ստիպվեցավ կանուխ արթննալ։ Աչերը բանալուն պես անկողինեն ելավ, սնդուկը բացավ և ճերմակեղենները փոխեց, հետո լվացվեցավ և հագվեցավ։

Տան տիկինն, որ իմացած էր հյուրին ելած ըլլալն, վեր ելավ և զարդարուն սենյակ մը հրամցնելով զայն՝ իմաց տվավ, թե մեկն կսպասեր վարը և զինքը տեսնել կուզեր։

— Թո՛ղ հրամմե,— ըսավ Աբիսողոմ աղան։

— Շատ լավ, կաղաչեմ, ըսե՛ք ինծի․ խահվեն կաթո՞վ կը խմեք, թե առանց կաթի։

— Կաթ կը խմեմ առանց խահվեի։

— Կաթ բերեմ ուրեմն։

— Այո՛, կաթ բերե՛ք։

  1. Նշանդրեքից առաջ համաձայնություն։