Էր, և որպես թե առանց ձայնի և խոսքերի պատասխանում էր մորը, եթե առաջվա աղջիկները ոչինչ չէին իւոսում, այն էր պատճառը, որ ծնողքը կապում էին նոցա բերանը, ինչպես այս րոպեիս դու, մինչդեռ ոչինչ խոսած չէի. եթե լաց էին լինում, ոչ թե կամենում էին յուրյանց պարկեշտությունը ցույց տալ դորանով, այլ խեղճ ողորմելիքը լաց էին լինում յուրյանց անբախտ գլուխը, ո՜վ գիտե ի՞նչ մարդու հետ էին ամուսնանում, չտեսած, չխոսած, չիմացած նորա բնավորությունը, վարքը, բարքը, մի խոսքով որպիսությունը, անունը միայն լսում էին և պսակված ժամանակները, դեռևս, մինչ աստվածային տաճարի մեջ, այն ահարկու դատավորի առաջև, խոստանում էին հնազանդվիլ և հետևիլ, խաչը, ավետարանց, սուրբերը, քահանայքը և ժողովուրդը վկա բռնելով յուրյանը ուխտին, այսուամենայնիվ չգիտեին, թե ովի՞ն էին տալիս այդ խոստմունքը, այստեղ ևս չէին տեսանում փեսայի երեսը, ոտքից մինչև գլուխ ծածկված լինելով քողով, գիտեին միայն, թե այն մարդուն է, որ քահանան մի փոքր հառաջ բռնել էր աղջկա ձեռքը և Առեալ զձեռն Եսայի ասելով, տվել էր մի մարդու ձեռք։
— Բայց այդ ի՞նչ պսակ է,— շարունակում էր նա յուր մտքիցը,— որ երկու կողմից հավանություն չկա, այդ ի՞նչ երդում է, որ սիրտը չէ տալիս, այլ բանը միայն, և այն ամաչելուց և այլ հազար տեսակ հարկադրող պատճառներից. ի՞նչ ուխտ է, որ դնում է աղջիկը մի մարդու հետ առանց նորա երեսը անգամ տեսանելու։ Մարդ, մի ասեղ, մի մատնոց գնելու լինի, հարյուր անգամ կնայի, որ չխաբվի, որ դեռևս չնչին արժեքի բան է, որ կարող էր վատ եղած ժամանակը դուրս ձգել բոլորովին. իսկ ամուսնությունը մի՞թե մի ասեղի, մի մատնոցի չափ արժանավորություն չունի, որ առանց նայելու, տեսանելու և քննելու պիտո է լինի, և այն այնպիսի ժամանակ, մինչ ո՛չ փոխել կարելի էր, ո՛չ վաճառել և ոչ դուրս ձգել։
Մինչդեռ Մանուշակը այս մտածությունների վերա էր, դուռը բացվեցավ Թյությունճի-Օղլուի ձեռքով։
Այս ուրախ և անհոգ մարդը ներս մտանելով կարծես թե հոտով իմացավ, որ յուրյանից հառաջ մի տխուր բան անցել էր այդ տեղ, և այս պատճառով շուտով հարցրեց կնոջից։
— Ի՞նչ կա. ինչի՞ է քիթդ կախած։
— Ամբողջ օրը տուն չես եկել, այժմ եկած չեկած, այդ է քո քաղաքավարական խոսքր,— պատասխանեց կինը։
Թյությունճի-Օղլուն ժպտեցավ և ասաց.