Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եթե բանը քաղաքավարության մնա, մեք երկուքս էլ միմյանցից պակաս չենք. ո՞վ է տվել մեզ քաղաքավարություն, ծնողքս մի կին մարդու մոտ տվել էին ինձ կարդալու 9 տարեկան հասակումս. հազիվ թե քերականը ավարտել էի, հեգ սաղմոսը սկսել, վեր առեցին տվեցին վաճառականի մոտ աշակերտ, փոքր ի շատե եթե և անունս գրել գիտեմ, այդ ինքս իմ աշխատութենովս սովորել եմ. իսկ դու այդ ևս չգիտես,— հավելացրեց նա մի տեսակ կատակով։

— Ուրեմն թե այստեղ մի քաղաքավարի մարդ կա, այդ իմ Մանուշակս է, որ ջրի նման կարդում է աշխարհաբար Ավետարանը և ուսանում է միշտ, եթե ուներ պարապ ժամանակ։ Բացի դորանից մեր քաղաքավարության ժամանակը անցել է, այժմ թող մատաղահասքը նային, նոքա թող աշխատին, որ լինին քաղաքավարի, խելոք, ուսումնական, բարոյական և այլն։

— Քաղաքավարի և պատվական մարդ կամի՞ս,— ասաց Թյությունճի-Օղլուն հանելով վերարկուն և տալով Մանուշակին,— ահա պարոն Շահումյանցը:

Այս խոսքի վերա փոքր մնաց, որ Մանուշակը ձեռքիցը ցած ձգեր հոր վերարկուն։

— Ես այսօր,— շարունակեց Թյությունճի-Օղլուն,— ղահվետնից դուրս եկած տուն էի գալիս, հանկարծ պատահեց պարոն Շահումյանցը, բռնեց և բաց չթողեց, «գնանք մեր տուն, գնանք մեր մոտ ճաշի» ասելով, վեր առեց և արդարև տարավ յուր մոտ. տան մեջ ի՞նչ մաքրություն, ի՞նչ կարգ, թեև կին չունի, մայր չունի այլ միայն մի չոր գլուխ. ծառայքը կանգնած պատրաստ սպասում են նորա մի նշանացի առնելուն, որ իսկույն կատարեին նորա հրամանը։

Շատ խոսակցությունք արեցինք այնտեղ, ճաշ կերանք. չէր կամենում երկար ժամանակ թողուլ և ճաշից հետո, բայց ես նորան խնդրեցի, որ ինքը այս երեկո մեր մոտ շնորհ բերե թեյի...

Մանուշակի ուրախությունը ոչինչ չափով չէր չափվում։

— Դուրս էի գալիս այնտեղից, ահա մի պառավ աղքատ կին մի նամակ ձեռքին մտած պարոն Շահումյանցի տուն, հարցանում է ինձ, թե ե՞ս էի արդյոք պարոն Շահումյանցը. ես ասացի, այո՜, ես եմ, տուր նամակը և կամենում էի առնուլ նամակը ձեռքից և տանել, բայց անպիտան պառավը սկսեց հազար տեսակ ապացույցներ պահանջել, հարցրեց, թե ո՞ր տեղից նամակի եմ սպասում, ո՞վ ունիմ Մոսկվայի մեջ, սիրտս նեղացավ, ասացի ես չեմ,

184