մթությամբ թանձրացել էր այնպես, որ տասն ոտնաչափ տեղից չէր կարելի տեսանել։
Թյությունճի–Օղլուն ինը ժամին քնած էր արդեն. նորա տիկինը նույնպես. զարթուն մնացողը էր միմիայն Մանուշակը, որի սիրտը քանի գնում էր սաստկացնում էր և շատացնում էր յուր զարկը, որովհետև մոտենում էր մի ժամ, երբ առաջին անգամ յուր կյանքում պիտի խոսեր նա մի օտար մարդու հետ, հորից և մորից ծածուկ:
Նա մտածում էր, առաջին անգամ Շահումյանցը տեսածովը մեղադրել սաստիկ, նորա նամակի սառնության մասին. բայց հետո լավ էր համարում լսել նորա մի քանի ասած խոսքը, և եթե տեղիք կլիներ այսպիսի մեղադրանքը, ապա հիշել Շահումյանցին նորա նամակի սառնությունը։ Նշանակած ժամանակը մոտենում էր հետզհետե։
Մանուշակը լսելով Շահումյանցից 11 ժամում գալու խոստմունքը, նայում էր անդադար նշանակված ժամի զարկելուն. նա կարծում էր, որ ուղիղ տասն և մինին, ոչ մի րոպե ավելի, ոչ մի րոպե պակաս, պիտո է տեսանե Շահումյանցին։
Վերջապես սկսեց ժամացույցը զարկել ճակատագրական տասն և մի ժամը։
Մանուշակը չհամբերեց, որ ավարտվի զանգակի զարկը. նա շուտով դուրս եկավ ննջարանից և անցանելով խոհարանից, ուր խոր քնով քնած էր աղախինը, կամաց բացեց դուռը և դուրս եկավ բակը...
Մութ և մառախուղ։
Փողոցից լսվում էր պահապանի ձայնը, ուր քնաթաթախ կանչում էր երբեմն, մինը մյուսին զարկելով ձեռքի փայտերը բոլորովին մեքենաբար։ Մանուշակին շատ ահարկու երևեցավ այս գիշեր... Նորա սիրտը թրթռում էր, ոտքերը ծալվում էին. վերջապես լավ փաթաթվելով յուր կարճ մուշտակի մեջ, մոտեցավ պարտիզի դուռին. բացեց նորան այնպիսի երկյուղով, ինչպես մի գող բանում է օտարի դուռը, մտավ պարտեզը, նայում էր այս և այն կողմը. և ահա՜ ոչ ոք չկար։
Նա բարկացավ ժամացույցի վերա. պատճառ, չէր կարող ամենևին կարծել, թե Շահումյանցը այսպիսի կեղտոտ կատակ հանձն կառնու կատարել։ Հանկարծ, լսում է ծառերի և թուփերի