աշխարհի երեսին, և Վարդ-Խաթունը հերիքացած էր Անզգամ պատվանունովը, որ ստացել էր հասարակաց վկայութենով։ Այս անզգամը ամիսը երկու անգամ հիվանդանում էր, բայց ի՞նչ պատճառով. սաստիկ բարկութենից կապվում էր նորա մաղձատար խողովակի ճանապարհը, վասն որո մաղձը մտանելով ստամոքսի և արյունի մեջ, նախ և հառաջ պատճառում էր փսխողություն և լուծողություն. երկրորդ, ներկում էր երեսը կանաչ-դեղին գունով։ Թշվառ Մկրտիչը գերի էր յուր քրոջ ձեռքին, քույրը գիտեր նորա բոլոր առևտրական հաշիվները անգամ և շատ էր պատահում, որ կին միջնորդի ձեռքով ինքը վաճառում էր յուր եղբոր ապրանքը կամեցածի պես։ Այսպիսի անզգամ կնոջ, այնպիսի տխմար եղբայր. բերան կար, լեզու չկար. նորա սաստիկ բարկանալը երևում էր նորանից, որ անդադար ծխում էր թաբակը, փակված յուր սենյակի մեջ, և դողում էին ոչ թե միայն ձեռք ու ոտքը, այլև բոլոր մարմնի մկաները և ջլերը. այսպիսի կյանքը էր պատճառը, որ նա, դեռ երիտասարդության մեջ ստացել էր խորտակված պառավի կերպարանք։
IX
Թեև Աղվանյանցի հայրը մեռանելու ժամանակ նզովքով պարտավորվել էր յուր որդին, ոչ ոքի չբանալ մատանու գաղտնիքը, թեև չնայելով Աղվանյանց Մկրտչի ցած և ստորաքարշ բնության կամ առավել լավ ասել, անբարոյականության վերա, խեղճ ողորմելի թշվառականը յուր բոլոր կյանքումը կատարելու էր հոր այս պատվերը, բայց հարկը ի՛նչ բաներ չէ ստիպում կատարել մեր սրտի հոժարության ընդդեմ։ Ես ասացի միայն հարկը, դեռևս հարկավոր էր ասել, թե մի անզգամ կին, ի՛նչ բաներ չէ ստիպում յուր մարդին կատարել, և քանի՜ արդյոք կգտանվին այնպիսի արի մարդիկ, որ հաստատ բնավորություն ունենալով, կարողանան մերժել այնպիսի անզգամների հրամանը, այո, հրամանը. պատճառ, անզգամ կինը չէ խնդրում յուր ամուսնուց կամ եղբորից և այլն, և այլն, այլ հրամայում է: Նա կարծում է, ո՛չ եթե միայն յուր ամուսնուն, որդուն, մերձավորին, այլև աշխարհին կարող է հրամայել...
Այսպես ահա Մկրտիչը, հարկադրված քրոջից, սկսեց մատանու պատմությունը։