Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարագուրով, որ, ինչպես ասացինք, պատճառվում էր մաղձից։ Նա խոստացավ խոսակցություն բանալ դրացու հետ աղջկա մասին մյուս օրը. պատճառ, այն օրը անցած գնացածի հիշատակություններով վրդովված լինելով չէր կարող բան հառաջացնել։

Չգիտեմ ի՛նչ էր պատճառը, երևի թե հաջող չգնաց այս խնամախոսությունը, որ Մկրտիչը ճանապարհորդեց շուտով դեպի Ղրիմ, այնքան արծաթով, որքան ուներ, առանց դուրսից մի բան ստանալու։

X

Առավոտյան ինն ժամը զարկեց։

Մանուշակը, առողջ և մի անսովոր ուրախութենով, նստած էր յուր տեղում պատուհանի տակ և կարում էր յուր կարը։

Թյությունճի-Օղլուն ծխափողը լցրած թաբակով նոր ահա վառում էր, իսկ կինը նստած բազմոցի վերա, մաքրում էր մի ունդեղեն, պահոց կերակուր պատրաստելու համար։

— Բարկացուցինք մեր պարոն փեսային,—ասաց Թյությունճի-Օղլուն, ընդհատված արտաբերելով խոսքերը. պատճառ, թաբակը վառելու համար կարճ և ստեպ էր շունչ քաշում,— բայց ինչ առնես, այդ ևս մի հիմարություն է, ոչ այս, ոչ այն, հանկարծ հարսանիք պահանջել. ես ստանալիքներ ունիմ, պատրաստություններ ունիմ տեսանելու, և չկա մի մինչպես և իցե հարսն առնել մի հատիկ Մանուշակս։ Ի՜նչ կա, կարող է վեց յոթն ամիս ևս համբերել. և ինչպես կարծում եմ, գիր չգրածի պատճառն այն է, որ փոքր ինչ վիրավորվեց, թե չէ, մի ամիս եղավ գնացածը, ի՛նչ քաղաքավարություն է մի նամակ չգրել։

— Իհարկե, այդ է պատճառը,— պատասխանեց կինը,— բայց այդտեղ, և՛ նա մեղավոր է, և՛ մեք մեղավոր ենք. եթե նա այնպես շուտ չպահանջեր, մեք ևս այնքան չհեռացնեինք, ո՛չ այս կլիներ և ո՛չ այն, և ամենայն ինչ կանցաներ խաղաղությամբ, բայց այժմ, ո՜վ պիտե, գուցե...

— Ինչ գուցե, ի՞նչ է. ես կամեցա իմ Մանուշակս տալ նորան, իսկ նա դեռևս պիտի կոտրատվի. նա չեղավ, ուրիշը կճարեմ։

Մանուշակս չէ բարկանում իմ վերա։

— Ամենևին ոչ, հայրի՜կ, ես...

— Գիտեմ, զավա՜կս, քո հնազանդությունը։ Աստծո օրհնությունը լինի քո վերա:

227