Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս խոսքի ժամանակ արտասուքը փայլեցավ Մանուշակի աչքերում։

— Ի՞նչ է, Մանուշակ, լա՞ց ես լինում, ի՞նչ պատճառով։

— Ո՛չ, մայրիկ, ասեղով ծակեցի ձեռքս, նորա համար աչքերս լցվեցան,— պատասխանեց Մանուշակը, հարկադրելով ցույց տալ յուրան ուրախ և անշփոթ։ Այս միջոցին Շահումյանց Գեորգի ծառան ներս մտավ մի նամակ ձեռքին։

— Դո՞ւք եք պարոն Թյությունճի-Օղլուն։

— Ես եմ,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն, մոտենալով ծառային։

— Պարոնս ուղարկեց ձեզ այս նամակը,— և նամակը տված անհայտացավ։

Թյությունճի-Օղլուն բացեց նամակը և կարդաց բարձր ձայնով. Մանուշակի ասեղը դադարեց և նորա բոլոր զգայարանքը լսելիք դարձան։

Պատվելի Թյությունճի-Օղլու

Ինքս փոքր ինչ տկար լինելով չեմ կարող դուրս գալ տանից. բայց շատ հարկավոր բան ունենալով ձեզ ասելու, խնդրում եմ, որ դուք անպատճառ շնորհ բերեք իմ մոտ. հույս ունեմ, որ կկատարեք իմ խնդիրս, և կատարելով, չեք զղջալու ձեր ցույց տված ներողամտության վերա դեպի իմ հրավերը։ Ողջ եղիք։

Խ. ծ, Գեորգ Շահումյանց

Մանուշակը շատ ուրախացավ, բայց աշխատեց ծածկել յուր ուրախությունը, որ հայտնի չլինի տրտմութենից դեպի ուրախություն փոխանցումը։ Նա ուրախանում էր այն պատճառով, որ այս նամակը ճշմարտում էր Շահումյանց Գեորգի մյուս նամակը, որ Մանուշակը ստացել էր առավոտը նորանից. որով խոստանում էր սիրականը այսօր իսկ վերջացնել խոսքը, և ստանալ Թյությունճի-Օղլուի ճակատագրական համաձայնությունը։

Տիկին Թյությունճի-Օղլուն ոչինչ բան չառեց այս նամակից. իսկ ինքը Թյությունճի-Օղլուն կարծում էր, թե պարոն Շահումյանցը կամենում է դարձյալ մի նոր խնդրի վերա խոսել, յուրյանց սովորական կերպով։ Բայց ինչևիցե, Թյությունճի-Օղլուն այնչափ

228