Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարգում էր և պատվում էր պարոն Շահումյանցին, որ և ամենաչնչին բանի համար ևս պատրաստ էր կատարել նորա խնդիրը։

Նախիջևան քաղաքի նման տեղում, մի հարուստ և անվանի մարդ, ինչպես Շահումյանցը էր, թողումք նորա ուսումը և կրթությունը, ոչ թե այսպիսի քաղաքավարի նամակ գրե և հրավիրե, այլ եթե լոկ ծառայի բերանով հրամայական ձևերով ևս յուր մոտ կանչելու լինի մի հասարակ մարդ, վերջինս մի պատիվ կհամարի յուրյան գնալ նորա տուն և լսել նոր ասելիքը, թեև Թյությունճի-Օղլուի հարաբերությունը այսպես չէր պարոն Շահումյանցի հետ։ Նա իսկույն գլխարկը վեր առեց և գնաց, խոստանալով ուղղակի տուն դառնալ նորա մոտից։

Մնացին տան մեջ տիկին Թյությունճի-Օղլուն և Մանուշակը։

Տիրեց լռություն։

Պատվարի ժամացույցի ամեն մի գնալ գալը, ամեն մի զարկը շատ երկար էր թվում, յուրաքանչյուր րոպեի մեջ խեղճ Մանուշակը ի՞նչ օդեղեն ամրոցներ էր շինում երևակայում էր յուրյան հարսնացած Շահումյանցին, երջանիկ և ուրախ։ Հարստությունը նորա աչքում բան չէր թվում, որովհետև անմեղ էր նորա կուսական սիրտը աշխարհի չնչին և անմարդի կեղտերից. նա երջանկությունը համարում էր գտանել սրտի մեջ, և ոչ մի ժանգոտած ութը փութանոց և երեք չորս փակով կղպած արկղի մեջ, ուր պահվում էին հարուստների արծաթը, ոսկին և ստացվածքը։ Բայց ավա՜ղ, սորա հակառակ գալիս էին նորա աչքի առաջև, որպես թե հայրը հրաժարվում էր պարոն Շահումյանցի առաջարկութենից, և կամենում էր ճիշտ պահել յուր խոսքը, որ տվել էր ուխտավոր Մկրտչին:

Մանուշակը ոչինչ չուներ. Բայց թե նորանն էին եղած աշխարհի բոլոր հարստությունը, նա բոլորը միասին պատրաստ էր ահա բաշխել այն մարդուն, այն միջնորդին, որ այս րոպեիս ասեր նորան յուր հոր համաձայնության լուրը։

Այսպիսի զանազան և միմյանց ներհակ խորհուրդների մեջ ալեկոծվելով,— նորա շնչառությունը շուտացել էր, սիրտը արագ զարկում էր, և կարը ակամա խիստ արագությամբ կարում էր բնական ազդեցությունով, որպես թե այս շուտութենովը կարող էր և ժամանակի ընթացքը շուտացնել։

Մայրը, խոսելու ժամանակ Մանուշակի հետ, հազիվ թե երկու խոսքին ստանում էր մի պատասխան, և այն անիմաստ, կցկտուր

229