Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է նույն կերպարանքը, և ինձ թվեցավ, թե այդ կերպարանքը ժպտում էր... բայց այնպես ահարկու էր նորա տեսիլը, որ մահու սարսափ բերեց վերաս։ Իմ գեղեցիկ օրիորդի ուրվականը գանչելը և այդ հրեշի ինձ երևելը ապացուցանում էր, թե օրիորդը, որի վերա սիրահարված էի, արդարև ադամորդի չէր, որ խայտառակելով իմ թեթևամտությունը, երևել էր ինձ այդ դիվական կերպարանքով, դեռևս ծիծաղելով իմ վերա.... Այստեղ կորուսի ես ինձ.... գիտեմ, միայն, որ ներս վազեցի.... բայց թե ի՛նչ էր պատահել այնուհետև, դու պիտո է ինձանից լավ իմանաս, որովհետև ներկա էիր։

Պարոն Շաքարյանցը, այնպիսի անկեղծ ոգևորությամբ խոսեց այս բաները, որ պարոն Մարկոսը շարժվեցավ։ Նորա երեսի մեռելատիպ կերպարանքը, վշտահար աչքերը, դողդոջուն ձայնը և հեկեկանքից ընդհատված կարճ և արագ շնչառությունը,— այս բոլորը միանալով կազմում էին արդարև մի տխուր և սրտաշարժ ներդաշնակություն։

Պարոն Մարկոսը աշխատելով այս խավար մտածության ամպերը ցրվել յուր բարեկամի գլխի, ասաց.

— Ես, մտանելով ախոռը, զննեցի քո արարողության համար պատրաստած բաների մնացորդը և տեսա մի ջրով լիք պտուկի հատակում Հոլլիա Պոստրանայի պատկերը, որ ձեռքով և բավական կոպիտ նկարած էր. հանեցի և ձգեցի նորան հատակի վերա...

— Ի՞նչ բան ունի այդ հրեշի պատկերը իմ պտուկի մեջ, ո՞ր սատանան ձգել է նորան այդտեղ, և միթե ճշմարիտ է այդ, մի թե ես երկյուղ կրելով այդ հիմար պատկերից անկատար թողեցի իմ արարողությունը, որ գուցե հասուցաներ ինձ իմ նպատակիս։

Պարոն Շաքարյանցը, այս խոսքերը ասելով, սկսեց երեխայի պես լալ և գլուխը ծեծել ձեռներով։ Նա մտածում էր, որ եթե կիսակատար չթողուր յուր վհկական արարողությունը, ապա երևելու էր նորա հավերժահարսը և ինքը հասանելու յուր փափագելի նպատակին։ Պարոն Մարկոսի կարեկցությունը ստացավ մի գործունյա բնավորություն: Նա մտքումը դնելով անպատճառ գտանել այդ օրիորդը, որի համար խելքը թռուցել էր պարոն Շաքարյանցը, խնդրեց սորանից նկարագրել այդ օրիորդը։

Պարոն Շաքարյանցը թեև բանաստեղծ չէր, թեև չուներ մի առույգ և կայտառ հոգի, մի կենդանի լեզու, այնուամենայնիվ, այս դիպվածում, այնպես խոսեց, որ, ասես թե, նորա բոլոր շարժողությունքը,

251