Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմքը, աչքերի փայլը, ձայնը և այլն, և այլն, ամենեքին յուրյանց համար ջոկ-ջոկ լեզու դարձած խոսում էին պարոն Շաքարյանցի փոխանակ։ Նա հայտնեց, թե այդ օրիորդը բարձրահասակ է, սպիտակ, մազերը շիկագույն, աչքերը պարզ երկնագույն, շրթունքը կարմիր, որի երեսը նմանեցնում էր թավիշի․ իրանը շատ կանոնավոր, կուրծքը կատարելապես կերպարանագործված և պարարտ, իսկ հագուստը վերջին, ամենանոր ձևով, որ կրում էին Փարիզում։ Պարոն Շաքարյանցը կարծում էր նույնպես. թե այդ օրիորդը պիտո է գեղեցիկ և սուր ձայն ունենա, նա եզրափակում էր այսպես նորա աղաղակից, որ արձակել էր անտառի մեջ, պարոն Շաքարյանցի երևելու ժամանակ։

Պարոն Մարկոսը, այս բոլոր նշանները գրելով յուր ծոցի տետրակի մեջ, խոստացավ ամենայն հնար գործ դնել, ամենայն հարց ու խնդիր անտես չառնել, այդ օրիորդը գտնելու համար, եթե միայն կար արդարև մի այդպիսի օրիորդ յուրյանը քաղաքում։ Երբ մի փոքր հանդարտել էր պարոն Շաքարյանցը, պարոն Մարկոսը խնդրեց մի բաժակ արաղ, և մի փոքր նախաճաշիկ։ Նա ասում էր, որ այդ կամրացնե պարոն Շաքարյանցի թուլացած զորությունքը։ Արդարև մի րոպե հոգի առնլուց հետո, երկու սրտակից բարեկամների խոսակցությունը ստացավ բոլորովին այլ ուղղություն։

Դ

— Այժմ խոսենք մեր խնջույքի մասին,— ասաց պարոն Մարկոսը, արաղը խմելուց հետո, ցած դնելով բաժակը։

— Խոսենք, եղբայր, խոսենք,— պատասխանեց պարոն Շաքարյանցը մեքենաբար, ցանկանալով մոռանալ անցած գնացածը։

— Քո պատրաստության մեջ, ես տեսանում եմ թերությունք,— շարունակեց պարոն Մարկոսը,— եզրակացնելով այն ծանոթութենից, որ տվեցիր ինձ այսօր քո կարճառոտ տոմսակով։ Դու մոռացել ես հոգալ, նախ՝ ռոմ, երկրորդ՝ անգլիական ճին, երրորդ՝ կոնյակ, չորրորդ՝ սարեպտի բալասան, մյուս ինչ որ հոգացել ես, լավ է։ Բայց այսքան պիտո է իմանալ, որ ուրախությունը ուրախություն չէ լինում, եթե նորա շինվածքը հաստատ պահող հիմքերը չկային, այն չորս տեսակ ըմպելին այնպիսի սյուներ են, որոնց վերա կարելի է ուրախության պալատներ ևս շինել։

252