— Եղբայր, ների՛ր, մոռացել եմ. մի՛գուցե այդ բանը վերագրես իմ ժլատությանը, ես իսկույն կը հոգամ, և շնորհակալ եմ, որ ասացիր, թեև կարող էի ես ևս միտք բերել, բայց այսպիսի շփոթության մեջ... գուցե մոռանայի ևս: Շատ ստույգ է, թե ոչինչ բան այնպես հիմնավոր չէ, ինչպես միաբան խորհրդով կատարվածը. և ահա ես իսկույն կը հոգամ ինչ որ պակաս է. է'յ, Սարգի'ս։
Սարգիսը Շաքարյանցի սպասավորն էր, որ իսկույն երևեցավ յուր պարոնի ձայն տալու վերա։
— Տե՛ս, ի՛նչ է ասում պարոնը,— շարունակեց Շաքարյանցը ծառային, ցույց տալով պարոն Մարկոսի վերա,— իսկույն պատրաստիր ինչ որ կը հրամայե քեզ։
— Երկու շիշ Յամայկայի լավ ռոմ, երկու շիշ կոնյակ, երկու շիշ անգլիական հին և երկու շիշ սարեպտի բալասան,— իսկույն կցորդեց պարոն Մարկոսը։
Սարգիսը գլուխ տվեց և դուրս գնաց։
Պարոն Շաքարյանցը շարունակեց.
— Ուրիշ ի՛նչ այնպիսի բաներ կային, որոնց վերա պիտո է խոսել:
— Դու գրում էիր, թե պիտո է խորհուրդ կատարել, ո՛վին հրավիրել և ո՛վին ոչ,— պատասխանեց պարոն Մարկոսը։
— Այո՛, այդպես։ Ես շինել եմ ահա մի ցուցակ, որի մեջ գրել եմ մեր հրավիրելի բարեկամների և ծանոթների անունները։
— Կարդա տեսանեմ ։
Պարոն Շաքարյանցը հանեց սեղանի վերայի թղթերի տակից, որ խառնիխուռն ընկած էին, մի թերթ թուղթ և սկսեց կարդալ։
— Ուրեմն բոլորը տասն մարդ,— ասաց պարոն Մարկոսը,— մեզանով կը լինի տասներկու, առաքելական թիվ է, խորհրդավոր է. Միայն գիտես, ես այդ մարդերից մի քանիսին չեմ ճանաչում, իսկ այսպիսի հրավերի ժամանակ, հարկավոր էր որ վերահասու եղած լինեինք դոցա բոլորի բնավորությանը, որովհետև առանց այսպիսի խտրության, հանդիպողին հրավիրել, իմ կարծիքով, հիմարություն է: Նախ, այն պատճառով, որ մեր խնջույքի մեջ կարող էր մի անախորժ դիպված հառաջանալ, պատճառված որևիցե հիմարութենից. երկրորդ, զանազան խոսակցությունը ծագել, որ ընդդեմ էին մեր ուրախությամբ ոգևորված ընկերության ուղղությանը: Պատահում են մարդիկ, որ առանց ուշադիր լինելու տեղին, հանգամանքներին