Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ ճանաչում ինձ, որ չգիտե իմ գործերը, իմ սիրտը, իմ հոգին և ուղղությունը, որին մի մաղի չափ վնաս չեմ տվել, որի հետ ոչինչ ունիմ հասարակաց, դառնում է իմ թշնամին, ինձ բամբասող և վատաբանող։ Մի՛թե կարելի՛ է այս, ո՛չ ապաքեն Մարկոսը և Կիրակոսը քրիստոնյայք են։ Եվ ի՛նչպես քրիստոնյայք. ուրբաթի, չորեքշաբաթի, և շաբաթական պահքերը, այլև մեծ պահքը պահում են ամբողջ, երեկո առավոտ եկեղեցի են գնում, տարին մի քանի անգամ պատարագ և մատաղ են առնում, և եթե տեղը գա, ես լուսավորչական եմ, դա ավետարանական է, ասելով, պատրաստ են միմյանց գլուխ ջարդել։ Բայց չնայելով այս բաների վերա, Մարկոսը և Կիրակոսը չեն խղճահարվում կատարել մի բարոյական սպանություն, և այս բանը գործվում է այո՛ քրիստոնեության և բարեպաշտության դիմակների տակ։ Քրիստոնեությունը, չարաչար գործ գրված, միշտ պատճառ է եղել անքրիստոնյա բարբարոսութենների. քրիստոնեությունը, այդպիսի երկնային և սուրբ բանը, շատ անպիտան և անարժան մարդերի ձեռքում եղել է դավաճանության և արյունհեղության գործիք։ Շատ ամբարիշտ մարդիկ յուրյանց հանցանքը ծածկել են քրիստոնեության վարագույրի տակ։

Պարոն Շաքարյանցը, լսելով Մանթուխյանցի կարծիքը Կոմս էմմանուելի մասին, որպես թեթևամիտ մարդ իսկույն համաձայնելով պատասխանեց.— Եթե մի այդպիսի մարդ է Կոմս էմմանուելը, եղբայր, ապա նզովյալ լինի դորա ծնունդը. ինչ հարկավոր է մեզ հրավիրել մի այդպիսի գազան մեր ազգասեր և եղբայրասեր ընկերության մեջ։

— Մի բան ասեմ. մանավանդ նորան պիտո է հրավիրել, որովհետև այդպիսի բնավորության տեր մարդ էր,— ջերմ խոսեց պարոն Մարկոսը։

— Այդ ի՛նչ խորհրդով,— հարց արեցին բարեկամքը։

— Ո՛ր տեղում կարելի է խայտառակել մի այդպիսի մարդ, եթե ոչ մի խնջույքի մեջ, մանավանդ եթե այդ խնջույքի հրավիրված անդամքը բոլոր մեր մարդիկ էին,— ասաց պարոն Մարկոսը։

— Ի՛նչ մի խայտառակություն է. մեր նորան հրավիրելը արդեն մի մեծ պատիվ էր, որ ցույց էինք տալիս,— շարունակեցին բարեկամքը։

— Սխալվո՛ւմ եք. մեք կը հարբեցնենք նորան և հետո կը ծիծաղենք նորա վերա։ Այդպիսի մարդիկ, որ չխմած ժամանակ այդպիսի

269