Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թունավոր լեզու ունին, որ վատ առողջթյան տեր են հարբելով դառնում են մի թրջած հավ, և այնուհետև մեր ձեռքումն էր նա, կարող ենք ամենայն տեսակ լրբություն առնել.— հառաջ տարավ յուր խոսքը պարոն Մարկոսը։

— Գիտե՞ս, որ նա հարբելու էր և դու զգաստ մնալու, որ կարողանայիր քո դիտավորությունդ իրագործել. նա մի ջիլ մարդ է, գուցե քեզանից շատ խմե,— ասաց Մանթուխյանցը։

— Եղբա՛յր, դու վշտացնում ես ինձ. նա ի՞նչ մարդ է,որ ինձանից շատ խմե։ Ես մինչև այժմ կարծում էի թե, դու փոքր ի շատե ճանաչում էիր ինձ, փոքր ի շատե հարգում էիր ինձ, բայց այժմ հասկացա, որ ես մազի չափ պատիվ չեմ ունեցել քո մոտ։ Մի՛թե խա՞ղ է, կամ կատա՞կ է իմ հետ խմել. ես նորան այն օրը ձգեմ, որ շունը ձեռքից հաց չառնու,— պատասխանեց պարոն Մարկոսը մի փոքր վիրավորված Մանթուխյանցի երկբայութենից, որ ցույց էր տվել յուր խմելու վերա,— եթե դուք հրավիրելը հանձ առնուք, խայտառակելը իմ վիզը կամի՞ք, դաշն բռնենք մի վեդրո արաղով։

— Դուք ինձանից խորհուրդ հարցրեցիք,— ասեց Մանթուխյանցը,— ես հայտնեցի ձեզ իմ սրտի վկայությունը, որպես անկեղծ բարեկամ, թե արժան էր, որքան կարելի է, հեռի մնալ Կոմս էմմանուել ասած մարդուց, բայց եթե ձեր միտքը հրավիրել է, հրավիրեցեք, ինձ մը մասնավոր վնաս չունի. շատ-շատ, մյուս օր պիտի մի ոտանավոր գրե, կամ յուր Հիշատակարանին զոհե իմ պատվասիրությունը, անձնասիրությունը, ինչպես սովոր է, թող ինչ կամ առնե, գլուխը քարը...

— Կորչի գնա... մեզ հարկավոր չէ. նորա խունկ ու մոմը պետք չէ, միայն թե մեր եկեղեցին թող չգա։ Ես տեսանել չկամիմ մի այդպիսի ինքնահավան մարդ, որ ողջի վերա ծիծաղում էր,—պատասխանեց Շաքարյանցը։

—Եվ ի՞նչպես էր ծիծաղում, հրապարակով... նզովյալ լեզուն շինել է օձի լեզու, մի աման արյուն գլխին դրած ման է գալիս, սորա կամ նորա վերա թափելու համար,— կցորդեց շուտով Մանթուխյանցը։

— Ինչպես հաճո է ձեզ,— խաղաղ սրտով ասաց պարոն Մարկոսը,— ես շատ դիտավորությունք ունեի... Այս խոսքերը ասելու ժամանակ մի այնպիսի հայացք ձգեց պարոն Շաքարյանցի վերա, որ հասկացավ թե պարոն Մարկոսի խորհուրդը, ծանոթանալու Կոմս

270