Մայր ու աղջիկ, որոնց մասին հիշեցի վերևումը, պատուհանից տեսել էին Կոմսի մտանելը նոցա տուն։ Հայերի մեջ մի անսովոր բան չէ, մանավանդ կանանց մեջ, այսպիսի հիմքերով դրական բան խոսել։
Թ
Մահտեսի Թովմասի տանը կային շատ հյուրեր, արք և կանայք, երբ ներս մտավ Կոմս էմմանուելը։ Մի փոքրից հետո կը ծանոթացնեմ իմ րնթերցողքը Մահտեսի Թովմասի տան հետ, այժմ թողե՛ք, որ չկտրեմ բանի թելը։
Կոմսը ներս մտած, չմտած, բոլորեքյան ամբոխվեցան, վեր կացան տեղերից, և օրիորդ Մարիամը նույնպես դադարելով երգելուց և ածելուց, սկսեց ողջունել նորեկ հյուրը։ Կոմս էմմանուելին շատ անախորժ երևցավ այս, ըստ որում այնտեղ, ուր մտանում ես, որպես մի մոտ ծանոթի տուն, շատ անտեղի են արտաքին քաղաքավարական արարողությունքը։
Կոմս էմմանուելը բոլորին ողջունելուց հետո դեմքը դարձուց դեպի օրիորդ Մարիամը և ասաց.
— Ես հատկապես ներս մտա, որ լսեմ «Տեր կեցոն», բայց դուք դադարեցաք իսկույն։ Այժմ կրկնապատիկ եղավ իմ ցավը, նախ, որ ես չեմ լսում, երկրորդ, որ իմ անակնկալ ներս մտանելու պատճառով այս արգո հյուրերը ևս զրկվեցան այդ քաղցր երգի վայելքից, որ շատ գեղեցիկ երգում եք։
— Խնդրեմ, առանց հաճոյախոսությանն....ես ի՛նչ երգող եմ, այսքան հրապարակի մեջ, ամոթ է մինչև անգամ իմ պեսին երգել,— պատասխանեց օրիորդը մի փոքր կարմրելով։ Բայց բոլորովին սուտ էր խոսածը, նորա կարծիքը յուր երգածի մասին ամենևին այնպես չէր, ինչպես կամեր հավատացնել Կոմսին։ Այս էր լավը որ նորա առաջև կանգնողը ևս շատ խաբվելու պտուղ չէր, նա ինքը մի բան սրտի վկայությամբ ճանաչելուց և գնահատելուց հետո, հազար պարկեշտություն, հազար չքմեղություն չէին կարող փոխել նորա կարծիքը։
— Ամենևին զուր եք խոսում,— պատասխանեց Կոմս էմմանուելը,— և ես չէի կարող երբեք երևակայել, որ դուք ընդունակ էիք հանել բերանից, երբևիցե, մի անարդար վկայություն ձեր մասին։ Առանց կեղծավորության ասում եմ, դուք շատ գեղեցիկ
302