Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երգում եք, և ո՛չ միայն ձեր, այլ և ձեր բարեկամների տան մեջ ևս կարո՛ղ եք երգել, եթե մի խնջույք կամ մի բան պատահի։

— Շատ շնորհակալ եմ. բայց չեմ կարող ընդունել ձեր ասածները հալած յուղի տեղ, ըստ որում ես ինքս նկատում եմ զանազան թերությունք իմ երգեցողության մեջ։

—Ա՜, ա՛, ես այժմ տեսանում եմ, որ դուք կամեիք ոչինչ թերութջուն չունենալ երգելու մեջ, այդ այլ բան է. ես խոսում եմ համեմատաբար։ Այո՛, կատարելության ցանկությունը մի գեղեցիկ առաքինություն է և եթե դուք այդ աչքով նայում եք խնդրի վերա, ուրեմն թույլ տվեցեք ինձ ասել ձեզ իմ կարծիքը և խորհուրդը։ Ինչքան, այսօր առավոտ ձեր տան մեջք և այժմ փողոցից լսելով, նկատեցի ձեր երգածը, ձեր կոկորդային լյա խազը կարոտ է մի փոքր մշակության։ Եվ առ ժամանակ ես խորհուրդ չեմ տալիս ձեզ երգել այնպիսի բաներ, ուր շատ կային ցած խաղեր, այո կարող է վնասակար լինել ձեր ձայնին։ Խնդրեմ այս ասածներս ընդունել, որպես մի բարեկամի խորհուրդ, և ոչ որպես պատվեր կամ խրատ. ես առհասարակ սովորություն չունիմ իմ խրատներով գլխացավություն պատճառել օրիորդներին,— հավելացուց Կոմսը ծիծաղելով։

—Շատ շնորհակալ եմ. ես ինքս բավական նեղություն զգում եմ ցած խազեր երգելու ժամանակ, վասն որո իրավունք տալով ձեր դիտողությանը, կաշխատեմ օգուտ քաղել նորանից. սակայն այս է բանը, որ չեմ հավատում, թե կարող էի երբևիցե հասնել այն աջողակությանը, որ տանելի կերպով երգեի։

— Յուր անձին վերա հավատ չունենալը — ասել է անարգել յուր անձը. իսկ յուր անձը ինքը անարգողը կորուսանում է ուրիշներից հարգանք պահանջելու իրավունքը։ Գիտե՞ք այս, օրիորդ Մարիամ,— ասաց Կոմսը ծիծաղելով։

Օրիորդը շառագունեցավ և զգաց վիճի ավելորդությունը, տեսանելով, որ բանի տեղ չէ անցանում յուր կոտրատվիլը։

Մյուս կողմում, բոլոր հյուրերը կանգնած լսում էին այս խոսակցությունքը. երբ որ վերջացան, իսկույն բոլորեքյան նստան յուրյանց տեղերը, և Կոմսը աթոռը մոտ քարշելով Մահտեսի Թովմասին ասաց.— Օրհնած, եթե օրիորդ Մարիամը ուներ Տեր կեցոյի նոտերը, ինչո՛ւ չասացիք առավոտ, որ մի րոպե ավելի հառաջ վայելած լինեի այդ երգը լսելու երջանկությունը։

303