—Առավոտուն չկար, և մի օտարոտի բան պատճառ եղավ, որ գնեցի երգարանը:[1]Մի մարդ, այսօր առավոտ, ձեր քամակից ներս մտավ մեր տուն, լավ որ Մարիամը տանն էր, որ կարողացավ ֆրանսիարեն խոսել, ապա թե ոչ անհնարին պիտի լիներ միմյանց հասկանալ։
Կոմս էմմանուելը լարեց յուր ուշադրությունը այս պատմությունը լսելու համար։
— Յում է այդ մարդու ազգը,— շարունակեց Մահտեսի Թովմասը,— բոլոր Եվրոպա ման է եկած, վերջումը պատահել է Պետերբուրգ, կարծեմ Մոսկվա ևս, այժմ ճանապարհի վերա անցանելով այս քաղաքից, բայց ոչինչ ծանոթ չունենալով, այլև ստուգած լինելով, որ այստեղ շատ սակավ մարդ կար ֆրանսիագետ, եկել էր մեր տուն, որ ինչ ասես բաների մասին խոսե։
— Բայց նա ուստի՛ գիտեր, որ ձեր տանը կա ֆրանսիագետ,— հարց արեց Կոմս էմմանուելը — այս շատ զարմանալի բան է, հանկարծ, ոչ այն, հազարավոր ֆրանսիարեն չիմացող տուներից ուղղակի մի տուն մտանել, ուր խոսում էին այդ լեզվով։
— Ես ևս զարմացա, երևի այդպես պատահել է... ինչևիցե, խնդրեցի որ նստի, արդեն ժամը տասներկուսն էր, իսկույն ղահվե մատուցինք, խմեց և խոսեց երկար միջոց Մարիամի և իմ հետ (Մարիամի թարգմանչությամբ)։ Ինձ ասաց, որ շատ կը ցանկանար լսել մի հայոց երգ, փորձելու համար, թե ի՛նչ տպավորություն կը գործեր յուր վերա հայոց երգը. ես խոստացա լցուցանել նորա ցանկությունը։ Մի փոքր նստելուց և քաղաքի որպիսության մասին այս և այն տեղեկությունքը հարցանելուց հետո, գնալու ժամանակ խնդրեց ինձանից, թե երբ կարող էր գալ մեր տուն մի հայոց երգ լսելու համար, Ես ժամանակ նշանակեցի էգուց առավոտ դարձյալ տասներկու ժամը. եթե կարողեք, դուք ևս շնորհ բերեք։
304
- ↑ Մի օրինավոր հայոց երգարան, աոաջին անգամ տպվեցավ Պետերբուրգ պ. Գամառ–Հաթիպաչի աշխատությամբ Շատ տաղերի նոտերր ևս տպած են քամակում: Շնորհակալություն, պարոն Գամառ–Հաթիպային. գուցե այսուհետև հայերի ուրախությունը կամ տրտմությունը հայտնող երգերը լինին ազգի սրտի և հոգու բղխվածք, և դադարին Քյոռօղլուի Այվազի տաղերը երգելուց, Թեպետև պիտի ասել, որ մեր երգերը ևս մի երևելի բան չեն, բայց, ինչ պիտո է առնել, առ ժամս եղածից լավ են, և կարող են գործ գրվիլ, մինչև որ դուրս գան օրինավոր ազգային բանաստեղծք: