Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ այն բաները ինչ որ այժմ ճնշում են հոգիս, պիտի ճնշեն և ոսկերքս գերեզմանիս մեջ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .


Մեք չունինք ազգային երգեր, չունինք ազգային երաժշտություն, չունինք բանաստեղծություն, որովհետև ապրում ենք միմիայն բուսականաբար և շնչականաբար։ Հավը կորեկ է տեսանում երազում, իսկ հայը նյութ։ Հատ ու կոտոր բաներ, որ այժմ անփորձ մարդիկ ազգային են համարում, ժողոված են թուրքից, թաթարից, պարսից, հույնից և ուրիշներից, որոնց ժամանակ առ ժամանակ հպատակեցան հայք։ Նորերումս դուրս եկան ազգային երգերի անունով մի քանի անալի ոտանավորք, Սայաթ Նովա, Ադամ ազբար, Շիրին և այլն, բայց նորանց ազգային երգ անվանողը և այդպիսի մտավորական հրեշների վերա, անդատաստան երեխայի պես ուրախացող պարոնները ինքյանք չգիտեն, թե ինչ պայմաններ էին հարկավոր, որ մի երգ լիներ ազգային։ Նոքա ունին միայն մի պայման և համարում են թե դորա մեջ էր ամեն բան — երգիչը հայ է։ Բայց հայ է միայն նորանով, որ ծնել է հայ ծնողներից. նորա երգը չէ և չէ հայերեն. երեք բառ թուրքի, թաթարի և չգիտեմ ինչի, իսկ հայի մի երկու աղճատված կամ ճղակոտոր բան։ Երգերի կազմակերպությունքը հետևած թուրքի ոտանավորներին, հիմնած միմիայն ոտքերի և վերջերի նույնահանգության վերա առանց ամենայն մտքի, բովանդակության, խորհրդի և բանականության։ Ազգային են այն երգերը և պիտի համարվին ազգային, քանի որ կա հայերից ինչ-ինչ, մարդերի մեջ այն սխալ և վնասակար վարդապետությունը — թե ամենայն բան, որ երևում էր հայոց ազգի վերա, անշուշտ պիտի ազգանա. ազգի հանցանքը ևս առաքինություն է, այն տիղմը և հոտած ճահիճը, որի մեջ պարանոցաթաղ խեղդվում ենք, նվիրական է, որովհետև մեք նորա մեջ ենք....Ո՛վ բաբելոնյան խառնակությանս մտքերի. բայց փոքր է այս, մտավորական կամ բարոյական հարինք։


— Թեպետև ես շատ գլուխ չունիմ ուսումնական բաների,— ասաց Մահտեսի Թովմասը, երբ Կոմսը ավարտեց յուր խոսքը,— բայց ասես թե ասածներդ խելքիս նստում են. ինչևիցե. դոքա ուսումնական բաներ են և դուք ձեր մեջ ի՛նչ կամիք արեցեք, մեզ շեն վերաբերվում սոքա։

315