Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կոմսը կամեր մի բան ասել, բայց Մահտեսի Թովմասը հառաջ տանելով յուր խոսքը, չթողեց նորան բերան բանալ։

— Ձեր խոսակցությունը, որի մեջ հիշեցիք գերբնական ու ֆանտաստիկական բաներ, մի բան միտքս ձգեց։ Ես մի դրացի ունիմ, ահա, այս կապույտ պատուհաններով միահարկ տանն է բնակվում.— այս ասելով Մահտեսի Թովմասը մատով ցույց տվեց պատուհանից մի տուն, որի բնակիչը ծանոթ է արդեն իմ ընթերցողներին,— Շաքարյանց է նորա ազգանունը,— հավելացրեց Մահտեսին,— մի վերին աստիճանի ողորմելի մարդ։ Գլխին դրել է, թե աշխարհի երեսին կար մի առանձին գիտություն—թալիսմանական, վհկություն, և թե ամենայն բան կարելի էր հառաջացնել չար ոգիների գործակցությամբ։ Միշտ պարապում է խեղ և խելառ բաներով, գիծեր է քարշտւմ ախոռի մեջ, սև հավեր է մորթում։ Սև կատու, մարդու գանգ, շորացուցած գորտ ու չղջիկ, բու և այլ այսպիսի բաներ լի են դորա ախոռի մեջ...

— Ձեր պատմելով,— խոսքը ընդմիջեց Կոմսը,— դորա ախոռը բավական նմանություն ունի Ֆաուստի սենեկին։

— Ես չգիտեմ Ֆաուստի ով կամ ինչ եղածը, միայն ճշմարիտ է այն, ինչ որ ասացի։ Այս քանի օր է, դարձյալ, վեր ու վայր էր այդ պարոնը. իսկույն հասկացա, որ մի փորացավ ունի, մի նոր խելագարություն մտել է գլուխը, ըստ որում, երբեմն ամիսներով, ամենայն ինչ հանդարտ է և ոչինչ չկա. մարդ է մարդու պես։ Երեկյան երեկոյին երկինքը պայծառ էր, դուրս եկա բակը մի փոքր ման գալու։ Տեսանեմ, որ այդ պարոնը ևս ման է գալիս յուր բակում, որ բաժանվում է իմից միայն մի բարակ տախտակյա պատով։ Ման է գալիս, բայց, բարձրաձայն խորհելով—ինքը յուր հետ խոսակցելով։ Ի՛նչ մեղքս պահեմ, հետաքրքրությունս բռնադատեց ականջ դնել։ Մոտեցա պատին, և ահա լսում եմ, որ շաղփաղփում է մի գեղեցիկ օրիորդի մասին, որ չգիտեմ թե ուր տեսել էր, և այնուհետև շատ և շատ որոնելով ու չգտանելով, այժմ վհկական արարողությամբ, շար ոգիների—փերիների գործակցությամբ պիտի տեսաներ նորա պատկերը կամ ուրվականը, մի ջրով լցված պտուկի մեջ, որ գրած էր նորա ախոռում, այլև պիտի խոսեր նորա հետ և այլն։ Ես, որովհետև չեմ հավատում այդպիսի բաների վասն որո մտքումս գրեցի մի խաղ խաղալ դորա հետ։ Խոր գիշերի մեջ մինչ ամենայն մարդ քնեց ու չորս կողմը հանդարտեց, առա թղթերիս միջից Հուլիա Պոստրանայի պատկերը,

316