ցած իջա պատից նորա բակը և որովհետև միշտ համարյա բաց են նորա ախոռի դուռերը, խնամով ընկղմեցի պատկերը պտուկի մեջ և լավ զետեղեցի նորա պտուկի հատակի վերա։ Չգիտեմ տեսավ թե չէ, կամ թե ի՛նչ ազդեցություն գործեր այդ պատկերի հայտնությունը, եթե տեսավ։
-Ի՛նչ պիտո է առնել,— ասաց Կոմս էմմանուելը,— նանրահավատությունը և նախապաշարմունքը, անկիրթ ժողովրդի համար, վաղուց դարձել է հոգեղեն կամ իմացական կյանքի մի մասնը։ Դույն այդ բանը երբեք դուրս գալու չէ հայոց ազգի սրտից, յանի նորա լուսավորությունը գտանվում է այդպիսի վիճակում. ինչպես այսօր։ Թողած ուսանել բնությունը, որով պիտի մեկնվեր նոցա մի ամբողջ կարգ հրաշքներ և պիտի փարատվեին այնուհետև այսպիսի մոլորության ամպերը պղտորված հայկական հորիզոնից, աշխատում են ուսանել մի այնպիսի բան, որ չկա, և որի գոյությանը երաշխավոր է միայն անհիմն, չնչին և պառավական ավանդությունը։
— Ես, որ մտա նորա ախոռը, հերիք չէր որ դրեցի վերասացյալ պատկերը, այլև մի բան ևս գողացա։
— Գողացա՞ք,— ընդհատեց Կոմսը։
— Այո՛,— պատասխանեց Մահտեսի Թովմասը,— գողացա ահա այս թուղթը, որ դրած էր սեղանի վերա, պտուկի մոտ, և ոչ տեսա, մինչ զննեցի չորս կողմս փոքրիկ լապտերի լուսով, որ, ունեի ձեռքումս։
Այս ասելով մի թուղթ հանեց ծոցից և տվեց Կոմս էմմանուելին։
Կոմսը վերառավ և սկսեց կարդալ։
ՓԵՐԻՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈԻ ԽՐԱՏ
Եթե կամենաս փերիները հրավիրել, հարկ է, որ սուրբ մնաս անկողնուց: Առ մի կլայեկած աման, դի՛ր նորա մեջ մի հայելի, հետո այնքան ջուր լի՛ց ամանի մեջք որ հայելին ծածկվի։ Առ մի ութ կամ տասն տարեկան տղա, բայց հարկավոր է, որ նոր և մաքուր լինին տղայի հանդերձքը, սկսած շապիկից մինչև վերարկուն. ծածկի՛ր տղայի գլուխը մի կարմիր թաշկինակով, իսկ ինքդ սկսի՛ր կարդալ։ Եվ ահա կարդալու բաներդ. ծննդյան ճրագալուցի գրքերը բացի առաջինից, «Ի սկզբանէ արար Աստուած» և բացի