Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իսկ ես, խնդրում եմ, պարոն բժշկապետ, եթե հնար է ազատ թողուլ ինձ ձեր նկատողութեններից, պատճառ, ամենայն խրատ և խորհուրդ, որ ուղղակի վերաբերվում էին իմ ընտանեկան կյանքին, որ մի բան ևս հասարակաց չունի ձեր հետ պատշաճ չեմ համարում լսել։

— Թե ձեր ընտանեկան կյանքը մի բան ունի հասարակաց իմ հետ, կամ ինչպես և ո՛ր չափով ունի, այդ եթե դուք ուրանաք, քաղաքը վկայում է... ես այժմուս կամեի միայն վկայութևններով և աշխարհի երեսին կատարված փորձերով ապացուցանել ձեզ, թե մի ընտանիք, ինչպես ձերն է, երբեք ճաշակելու չէր երջանկության քաղցրությունը։

— Ինչու այդպես խիստ պատժում է նախախնամությունը իմ ընտանիքը։

— Ո՛հ, սխալվում եք, պարոն. այդ նախախնամության գործը չէ։ Նախախնամությունը միօրինակ պահպանում է և դարմանում է ամբողջ տիեզերքը առանց խտրություն առնելու թե այս մինը մարդ էր, իսկ այն մյուսը մի խեղճ ճճի։ Նախախնամության գոգում, հավասարապատիվ զավակներ են բոլոր արարածք, որ գոյանում են և պահպանվում են բնության մեջ։

— Ես մի ժամ հառաջ ինձ համարում էի անբաղդ, բայց այժմ տեսանում եմ, որ դուք առավել անբաղդ եք եղած, քան թե ես: Հավասարություն որոնել այս աշխարհում, արդեն թշվառություն է. պատճառ, մի մազի չափով ևս խելք չկա դորա մեջ։ Ինչպես կարելի է, որ ես իմ պատվանուններով և պատվանշաններով հավասար լինիմ իմ եղբոր հետ, որ ոչինչ ուներ. դուք ուրանում եք մարդկային արժանավորությունը, պարոն բժշկապետ։

— Ես խոստովանում եմ և քարոզում եմ մարդկային արժանավորությունը մարդկության և ոչ արտաքին, պատահական, կամ դնած պատիվների մեջ. և դուք, գերադաս համարելով ձեզ քան թե ձեր եղբայրը, տեղիք ունեի՞ք բամբասել նախախնամությունը, թե նա էր պատճառը որ ձեր ընտանիքը ճաշակելու չէր երջանկության քաղցրությունը։ Ուր չէ խոստովանվում մարդկային հավասարությունը, ուր յուրաքանչյուր մարդ կցորդ չէ ազատության հավասարապես, այնտեղ թագավորում է մոլությունը։ Իսկ ուր մոլություն է, չկա հոգու խաղաղություն. այնտեղ տիրում է մի դժոխային ամբոխումն և նախանձի որդերը եռ են գալիս այն ապականյալ սրտի վերա։

330