— Արդյոք այդ բաները հարակցություն ունեի՞ն իմ դստեր հիվանդության կամ բժշկելու հնարի հետ։
— Անտարակույս, այո՛։ Բժշկության մեջ գործակատար են ոչ միայն զանազան մարմինը, որ շատ անգամ պիտո էր զգուշությամբ ներս բերել հիվանդի կազմվածքի մեջ, այլ գլխավորապես հոգին։ Որևիցե անախորժություն խանգարելով հոգու և սրտի անդորրությունը, ձգում է ամբողջ կազմվածքը մի ալեկոծված վիճակի մեջ։ Այդպիսի վիճակում ոչ թե միայն չէ կարելի հիվանդը բժշկել, այլև առողջ մարդիկ կարող են հիվանդանալ և մեռանել ևս։ Դո՛ւք, ձեր տարապայման ժլատության պատճառով, չկամենալով կատարել ձեր խոստմունքը, որ արել էիք ձեր փեսային, հարկադրել եք նորան հեռանալ ձեր ընտանիքի միջից...։ Հերիք չէր այս, դուք հետ եք պահել ձեր մոտ նորա ամուսինը, որ, աստվածային և քաղաքական օրենքներով, պարտակա՛ն էր հնազանդվիլ նորան և գնալ նորա քամակից։ Մի՞թե այս անբնական գործողության հետևանքը չէ, որ այսօր ձեր դուստրը գտանվում է այդ վիճակում։ Հայտնի բան է, մինչդեռ ձեր փեսան հեռանում էր այս քաղաքից, դուք մտածեցիք, թե ոչինչ պակասելու չէր ձեր դստերը այստեղ, բայց մոռացաք, որ պակասելու էր նորան մի մարդ, որի պաշտոնը օրինավոր կերպով ոչ ոք չէր կարող լցուցանել, և որի հետ զուգված էր ձեր դուստրը այնպիսի անքակտելի կապերով, որ մարդու ձեռքը իշխանություն չունի բաժանել։ Դո՛ւք չարաչար գործ դրեցիք ձեր ծնողական իշխանությունը, որ, զավակի ամուսնութենից հետո, վերջանում է իսկույն. դո՛ւք չարաչար օգուտ քաղեցիք ձեր հարստութենից, և առանց մարդկային սրտի զգացողության ընթանալով ձեր դստեր և փեսայի հետ, նոցա հոգու անդորրությունը փոխանակեցիք արծաթի հետ։
Պարոն Հովնաթանյանցի երեսը ծածկվեցավ կարմրությամբ, տհաճությունը կաթում էր նորա մեռած աչքերից։ Նա վերջին ջանքը գործ դրեց յուր անձը սառնարյուն ցույց տալու, որովհետև ձեռնտու չէր պատերազմ հայտնել բժշկապետին, նախ, որ նա գիտեր պարոն Հովնաթանյանցի բոլոր ընտանեկան գաղտնիքը, և երկրորդ, որ պարոնի ընտանիքը միշտ կարոտ էր բժշկապետի այցելությանը...
— Ի՛նչ պիտո է առնել,— ասաց պարոն Հովնաթանյանցը, մի փոքր ուղղվելով,— երբեմն զանազան հանգամանք ստիպում են մեզ այլապես ընթանալ, քան թե ցանկանում էինք։