— Մարդը կորուսանում է յուր արժանավորությունը, եթե կամք չունի, եթե դադարում է նորա մեջ ձգտողությունը։ Մեր պարտականությունն է պատերազմել հանգամանքների հետ և հողի հետ չհավասարվիլ ամեն մի հանգամանքի առաջև, որպես մի անբան անասուն կամ մի կտոր կապերտ։
— Ուրեմն ձեր վերջին խոսքն է հրավիրել իմ փեսան, որի երեսը ցանկալի չէր ինձ տեսանել։
— Այո՛, այդ է իմ վերջին խոսքը։
— Համաձայնեցեք, պարոն բժշկապետ, որ դուք ձեր խորհուրդը տվեցիք ինձ շատ խիստ խոսքերով։
— Ճշմարտությունը միշտ աչք է ծակում։
— Ճշմարտությունը մի վերացական բան է, որով ամենայն մարդ արդարացնում է յուր գործերը։
— Այո՛, և գողերը և հափշտակողքը կամին հավատացնել աշխարհին, թե յուրյանց կողմում ունեին ճշմարտությունը, բայց այդպիսի դիպվածում չարաչար էր գործ դրված ճշմարտության անունը։
Վերջին խոսքերը ասելով դուրս գնաց բժշկապետը, յուր արծաթապահի մեջ դնելով մի տասն մանեթանոց թղթարծաթ։
Պարոն Հովնաթանյանցը մնաց միայն։ Ժամը մոտ էր տասն և մինին։ Նա հնչեցուց զանգակը և երևեցավ սպասավորը։
— Պողո՛ս— գանչեց պարոնը,— կոչի՛ր շուտով Գրիգորը։
Գրիգորը գլխավոր գործակատար էր պարոն Հովնաթանյանցի, և նորա ձեռքում էին բոլոր գործերի հաշիվքը։
Շտապելով ներս մտավ գործակատարը։
— Ի՛նչ շինեցիք գործարանում,— հարց արեց պարոն Հովնաթանյանցը։
— Ինչպես հրամայել էիք, տվեցի գործավորներին հարյուր քառասուն փուդ արճիճ...
— Սաստիկ պատվիրեցի՞ր, որ ոչ ովին բան չասեն։
— Այո, ասացի։ Երբ կավարտեք գործողությունը,— հավելացուցի, պարոնը կը պարգևե ձեզ բավական մեծաքանակ արծաթ արաղի համար,— պատասխանեց գործակատարը ստրկական պատկառանքով։
— Շատ լավ. եթե խոսք դուրս չգա գործավորներից, ոչ ով ոչինչ չէ իմանալու։ Այնքան կլայեկի մեջ հարյուր քառասուն փուդ արճիճը մի մեծ բան չէ... ընդունողը վաղուց ստացել է երկու
332